Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանն անլուրջ է վերաբերվում Տավուշի թեմի առաջնոր Բագրատ սրբազանի սկսած շարժմանը և դրա շրջանակում իրականացվող քայլերթին: Վերջինս ասում է, որ «այս ամենին պետք է հետևել պոպկորնը ձեռքին՝ տանը նստած, կամ աշխատավայրում»:

«Որոշ դեպքերում հետևել զուգարանից, որովհետև անուններ կան, որ ուղղակի պետք է այնտեղից ընթերցել և դիտել: Ազգայինի քողի տակ մարդիկ են միանում, հոգևորականներ, խոսում Սահմանադրության ոչ կարևոր լինելու մասին՝ «թքած Սահմանադրության վրա» արտահայտությունն անելով: Այս մարդիկ որոշել են ՀՀ-ն տերտերապետության վերածել, թող փորձեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Մկրտչյանը:

Քաղաքագետը կարծել է, որ երթը մայիսի 7-ին կհասնի Երևան՝ հաշվի առնելով, որ այդ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրն է, սակայն, ըստ նրա, մայիսի 9-ն էլ պակաս կարևոր օր չէ Վլադիմիր Պուտինի համար. «Այստեղ քաղաքական խոսք, որպես այդպիսին, չեմ տեսնում, առհասարակ խոսք չեմ նկատում, ոչ էլ՝ առաջարկ, միայն փորձում են կրքեր թեժացնել սահմանազատման ու սահմանագծման շուրջ: Սա քյալագյոզություն է»:

Վերջինիս համոզմամբ՝ այս պահանջը հասարակական լայն կոնսոլիդացիայի առիթ չի դառնա, քանի որ Հայաստանի քաղաքացիները լավ են հասկանում, թե իրենց շուրջ ինչ է տեղի ունենում, և որ պատերազմ պարտադրող ուժերը դատապարտված են պարտության:

«Եթե հետին նպատակ ունեն էդ հողի վրա հասնել իշխանափոխության, ապա այստեղ ևս պետք է հիասթափեցնեմ, ինքս էլ, ունենալով բազմաթիվ տարակարծություններ ՀՀ իշխանությունների հետ, համարում եմ, որ իշխանության փոփոխություն հնարավոր է բացառապես ազատ, արդար ընտրությունների միջոցով՝ ՀՀ քաղաքացիների քվեով: Էս մարդիկ ոնց որ դրան էլ պատրաստ չեն, որովհետև եթե պատրաստ լինեին, առնվազն թմբլիկ պատգամավորները մանդատները վայր կդնեին, կստեղծեին սահմանադրական ճգնաժամ, քաղաքական խոսույթ կբերեին դաշտ ու կասեին՝ եկեք գնանք արտահերթ ընտրությունների»,- ասում է նա:

Ըստ Մկրտչյանի՝ Ռուսաստանը և Ադրբեջանը ևս այս գործընթացում ունեն արտաքին հետաքրքրվածություն, այն է՝ երկրում ներքաղաքական հուզումներ առաջանան, և իրենք օգտվեն դրանից. «Թե՛ ՌԴ-ն, թե՛ Ադրբեջանը հետաքրքրված են, որ պրոցեսները շիկանան, ընդհուպ գնանք մինչև լայնածավալ պատերազմի: Նրանց փափագը ՀՀ սահմաններին ինչ-որ զորքեր տեղակայելն է, ՀՀ-ին ինքնիշխանության էլեմենտներից զրկելը, իսկ կուլմինացիան կլինի Բագրատ սրբազանի, կամ մեկ այլ սրբազանի կողմից հոգեհանգստյան արարողակարգ անցկացնելը մեր զոհված զինծառայողների վրա: Իհարկե, Աստված մի արասցե, որ այդ օրվան հասնենք»:

Միաժամանակ քաղաքագետը նկատում է, որ Կիրանցից մեկնարկած քայլարշավին, ըստ որոշ լրատվամիջոցների, ամեն րոպե մոտենում և միանում է առնվազն 15-20 մարդ, և այս տրամաբանությամբ երթի մասնակիցների թիվը վաղուց մի քանի հազարի պիտի հասած լիներ:

«Քանի որ շատ են սիրում ծաղրել 2018 թվականի հեղափոխությունը, դրա լոզունգները, ես ուզում եմ այդ լոզունգներից մեկով նրանց պատասխանել բլոտի կանոններով՝ հայտարարված կապույտը, թարս կապույտի է վերածվելու, և դա երաշխավորված է, որովհետև ճշմարտության համար կանգնած, բայց օրը մի քանի անգամ հրապարակային ստող քաղաքական գործիչները ստանալու են հստակ գնահատական»,- ասում է Մկրտչյանը:

Հարցին, թե ի՞նչ հնարավոր հավանական սցենարներ կարող են լինել Բագրատ արքեպիսկոպոսի Երևան հասնելու դեպքում, զրուցակիցը արձագանքում է, որ որևէ հոգևորական, այժմյան քաղաքական գործիչ չի կարող իր մի քանի հազար կողմնակիցների հետ ՀՀ 3 միլիոն քաղաքացիներին պատերազմ պարտադրել:

«Ասենք հասավ Երևան, ակցիաներին, օրինակի համար, հավաքվեց իրենց համար երազանքների թիվ՝ 50 հազար քաղաքացի, 50 հազար քաղաքացի էլ իմ կողմից ավելացնեմ, հստակ քաղաքական պահանջը ո՞րն է, կա՞ ձևակերպված: Չենք գնում սահմանագծման, սահմանազատման, լավ, գնում ենք պատերազմի, արդյո՞ք այդ 100 հազարը ունի իրավասություն ՀՀ-ին և նրա ժողովրդին պարտադրել պատերազմ, կարծում եմ, որ՝ ոչ, չունի: Պետք չէ մութ սենյակում սև կատուներ փնտրել. կա՛մ գնում ենք սահմանազատման և սահմանագծման, կա՛մ ստանում ենք պատերազմ»,- ասում է Մկրտչյանը:

Ըստ քաղաքագետի՝ ակնհայտ է, թե այս մարդիկ որտեղից են կառավարվում. «Բագրատը, որ հայտարարել է՝ իր համար եկեղեցականի ճգնավոր կյանքը շատ ավելի գերադասելի է, այդ դեպքում այս ամեն ինչի կապիտալացումը քաղաքական առումով ովքե՞ր են պատրաստվում իրականացնել, կարո՞ղ է Ռոբերտ Քոչարյանը: Հաշտության մասին, որ էդքան խոսում է, կարո՞ղ է ուզում է ՀՀ քաղաքացիներին բանանային ու կոկայինային գործով անցնող նարկոբարոնների հետ հաշտեցնի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ