Զանգվածային «քցոցիներ» Քոչարյանի շտաբերում

Պարզվում է, որ անցած արտահերթ ընտրություններին միայն Տիգրան Արզաքանցյանը չէ, որ «քցել» է իր աշխատողներին։ Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր աշխատել են «Հայաստան» դաշինքի շտաբներում, փորձում են նախընտրական շրջանում իրենց խոստացված փողերը ստանալ։

Մեզ պատմեցին, որ պայմանավորվածության համաձայն՝ բացի ընթացիկ ծախսերից (սնունդ, թուղթ և այլն), յուրաքանչյուր շտաբի խոստացվել է 6 հազար դոլար, որից 1500 դոլարը՝ տվյալ տարածքում հաղթելու դեպքում։ Սակայն խոստացված գումարների գրեթե կեսը այս կամ այն պատրվակով չի տրվում քաղաքացիներին։

Բանն այն է, որ այդ անձինք գրանցված աշխատողներ չեն եղել, պայմանագիր չեն ունեցել, ինչպես Արզաքանցյանի դեպքում։ Ամեն ինչ եղել է բանավոր պայմանավորվածության մակարդակում։

Հիմա, ով գնում և աղմուկով, սպառնալիքներով իր գումարներն է պահանջում՝  գլխավոր շտաբում նրա գումարները տալիս են, որպեսզի լրացուցիչ աղմուկ չբարձրանա։ Առավել բարեկիրթները  Քոչարյանին նամակ են գրում՝ ենթադրելով, որ նա տեղյակ չէ։ Նրանց զայրույթը անձամբ Քոչարյանին է ուղղված, քանի որ բոլոր պատասխանատուները նրա ընտանիքի անդամներն են՝ որդի, փեսա, եղբոր փեսա և այլ մտերիմ անձինք։ Հիմա նրանց վերջին հույսն այն է, որ Քոչարյանը կտեղեկանա, որ իրենց գումարների գրպանումը ոմանց ինքնագործունեության արդյունքն է, և կհրահանգի վերադարձնել։

Բանն այն է, որ նախընտրական շրջանում Քոչարյանին ներկայացվել են ուռճացված ցուցակներ, գոյություն չունեցող ընտրողների անուններով դուրս գրված փողեր, որոնք գրպանվել են։

Մենք փորձեցինք նախընտրական շրջանում «Հայաստան» դաշինքի իրավական ներկայացուցիչ, ներկայումս նույն խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանից մեկնաբանություն ստանալ նշված հարցի հետ կապված, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ