Լուկաշենկոն հայտարարել է շատ շուտով նախագահի պաշտոնը թողնելու մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ շատ շուտով կթողնի նախագահի պաշտոնը և իրեն կարող է փոխարինել մեկ այլ մարդ, գրում է TACC-ը։

«Ես մեծացել եմ այս երկրում, ինքը՝ իմ մեջ։ Եվ ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ապրել. գնալ թոշակի, թե՞ զբաղվել մեկ այլ գործով։ Ես դա դեռևս չեմ պատկերացնում։ Դա չի նշանակում, որ ես կառչած կմնամ այս աթոռին։ Ո՛չ։ Ինձնից հետո կգան մարդիկ, նույնիսկ շատ շուտով»,- օգոստոսի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Բելառուսը 27 տարի կառավարող Լուկաշենկոն։ Նա հավելել է, որ պետք չէ գուշակություններ անել, թե երբ կհեռանա ինքը՝ կրկին ընդգծելով, որ շատ շուտով։

Բելառուսի նախագահի կարծիքով՝ մեկ տարի առաջ տեղի ունեցած քաղաքական ցնցումները ցույց տվեցին, որ ներկայումս երկիրը ղեկավարելու արժանի 15-20 մարդ կա։ «Նրանք բոլորը տեսադաշտում են, թե ով կարող է լինել նախագահ։ Այդ օրերն ինձ ցույց տվեցին, որ ունենք 15-20 մարդ, որոնք կարող են նախագահ լինել»,- նշել է նա։ Ընդ որում, Լուկաշենկոյի կարծիքով, բոլոր հնարավոր թեկնածուները նման են իրեն։

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո երկրում բազմահազարանոց բողոքի ցույցեր տեղի ունեցան։ Ցուցարարները պահանջում էին անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ դարձյալ հաղթել էր Բելառուսը 27 տարի գլխավորած Ալեքսանդր Լուկաշենկոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ