Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող ընթացիկ հարցեր: Բացի այդ, անդրադարձ է եղել միջազգային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում և իրադրությանն Աֆղանստանում, ինչպես նաև ադրբեջանա-հայկական սահմանին»,- ասել է Պեսկովը:

Ադրբեջանի ԶՈՒ-ն հուլիսի 28-ին նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ ՀՀ ՊՆ տվյալներով՝ ադրբեջանական կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 4 վիրավոր։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ժամը 08։20-ին ՊՆ-ն հայտնել է, որ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։

07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։

08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։

09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:

11։40-ի դրությամբ ՊՆ-ն հայտնեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։

Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ