Հետախուզվում է պատգամավորի թեկնածու, հարուցվել է 60 քր. գործ

ՀՀ գլխավոր դատախազությունը հուլիսի 2-ի դրությամբ առկա տվյալներով ամփոփել է 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում (ներառյալ մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, քվեների հաշվարկի և առանձին տեղամասերում վերահաշվարկի ընացքը) առերևույթ ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների ընթացքավորման ուղությամբ իրականացված գործունեության արդյունքները:

Ամփոփման մեջ ներառվել են նաև բնույթով ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումները:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Ըստ այդմ՝ հուլիսի 2-ի դրությամբ ստացվել և ուսումնասիրվել է վերոնշյալ բնույթի ենթադրյալ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ 861 հաղորդում և ահազանգ: Դրանցից՝

269-ը՝ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են,
281-ը՝ ֆիզիկական անձի կողմից, այդ թվում՝ նաև ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով ստացված հաղորդումներ,
2-ը՝ Մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակից ստացված գրություններ,
106-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումներ,
203-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:
Նշված առերևույթ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդում-ահազանգերից՝

— 264-ը՝ վերաբերում է ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված),

— 226-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված),

— 109-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված),

— 75-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված),

— 60-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված),

— 14-ը՝ ընտրությունների արդյունքները կեղծելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդված),

— 13-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդված),

— 9-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդված),

— 4-ը՝ հանձնաժողովի կնիքը, աշխատանքային փաստաթղթերը հափշտակելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.7-րդ հոդված),

— 3-ը՝ վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ ԶԼՄ ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.5-րդ հոդված),

— 84-ը՝ այլ (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդված, դիտորդ լինելու վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելուն, գողության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդված և այլն):

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 490 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքների պարզմանն ուղղված անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշվածներից 462-ի դեպքում հաղորդումներով ներկայացված տեղեկությունները չեն հաստատվել, և դրանք թողնվել են անհետևանք, իսկ 28-ով ստուգողական գործողությունները շարունակվում են:

Ընդհանուր 861 հաղորդումներից 371-ն ուղարկվել է հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

Դրանց արդյունքում 270 նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը, 41-ը գտնվում է նյութերի նախապատրաստման ընթացքում:

Իսկ 60 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝

26-ը՝ ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ՝ ՝ այդ թվում նաև մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձի նկատմամբ,
8-ը՝ նախընտրական պաստառների վնասման, ոչնչացման հանգամանքով պայմանավորված ուրիշին գույքային վնաս պատճառելու դեպքերի առթիվ,
4-ը՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ չմասնակցելուն հարկադրելու՝ այդ թվում՝ իրականացված մի խումբ անձանց կողմից,
4-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ, այդ թվում՝ կատարված գույքին վնաս պատճառելով կամ նյութապես շահագրգռելով,
4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ,
3-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերով,
2-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքի դեպքի առթիվ,
2-ը՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ,
1-ը՝ 2 և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու դեպքերի առթիվ,
1-ը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ քվեաթերթիկներ իրացնելու դեպքերի առթիվ,
1-ը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը հափշտակելու առերևույթ հատկանիշներով,
1-ը՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու դեպքերի առթիվ,
1-ը՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ,
1-ը՝ ենթադրաբար ընտրական գործըթնացներով պայմանավորված՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ,
1-ը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում՝հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ:
Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 66 անձանց նկատմամբ, որոնցից 65-ն ունեն մեղադրյալի կարգավիճակ, 1-ը՝ կասկածյալի: Մեղադրյալ ներգրավված 16 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Այս գործերով քրեական հետապնդման ենթարկված 7 անձ հանդիսացել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած 4 քաղաքական ուժերի՝ 2 կուսակցության և 2 կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու, որոնցից 4-ը՝ «Պատիվ ունեմե դաշինքի, 1-ը՝ «Հայաստանե դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստանե կուսակցության, 1-ը՝ «Վերելքե կուսակցության: Նրանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Իսկ կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված 1 անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու նպատակով ՀՀ դատախազությունը ՀՀ ԿԸՀ է ներկայացրել համապատասխան միջնորդություն:

Հետախուզում է հայտարարվել 2 անձի նկատմամբ, որոնցից մեկը՝ պատգամավորության թեկնածու:

Առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով հարուցված 4 քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, որոնցից 2-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն, 1-ը՝ մի քանի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելուն և մեկը՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն: Նշված գործերից 2-ը՝ 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ