Կադիրովը Մերսեդես է նվիրել 4105 պոկում վարժություն կատարած փոքրիկին

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը շքեղ նվեր է մատուցել 4105 անգամ գետնից պոկում վարժություն կատարած չեչեն տղային:

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարությանը հղումով, Կադիրովը ճերմակ «Մերսեդես» մեքենա է նվիրել Ռահիմ Կուրիևին:

Հայտնի է, որ փոքրիկ տղան հասցրել է կատարել վարժությունը 2 ժամ 26 րոպեում, թեև Ռուսաստանի ռեկորդների գրքի ներկայացուցիչներն աննշան հարցեր ունեն ռեկորդի հետ կապված, ինչի պատճառով այն դեռ պաշտոնապես չի գրանցվել:

Իր հերթին, Կադիրովը համոզմունք է հայտնել, որ տղան վստահաբար կարող է կրկնել ռեկորդը, «միայն թե հանձնաժողովի անդամներն այն մինչև վերջ դիտելու համբերություն ունենան»:

«Այս մեքենան քեզ նվիրել է Ահմադ Հաջի Կադիրովի անվան բարեգործական հիմնադրամի նախագահ Այմանի Կադիրովան (Չեչնիայի նախագահի մայրը), թող քո հայրը քեզ տեղափոխի դրանով, դու արժանի ես երթևեկել սպիտակ «Մերսեդեսով», — ասել է Կադիրովը երեխայի հետ հանդիպման ժամանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ