Ալիևը քննադատել է հայ գերիների ազատ արձակման մասին Եվրախորհրդարանի բանաձևը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին, որով կոչ է արվում առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց։

Ալիևը քննադատել է ԵԽ-ին՝ նշելով, որ հիմա մի շարք հայամետ երկրներ ու շրջանակներ ինչ-որ հայտարարություններ են անում, սակայն իրենց վրա «ոչ ոք չի կարող ազդել»։ «Եվրախորհրդարանը հերթական անգամ բանաձև է ընդունել՝ հիմնված կեղծ փաստերի վրա։ Ես ուշադրություն չեմ դարձնում դրան և նույն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս։ Դրանք մանրուքներ են։

Կարևորն այն է, որ մենք այսօր այստեղ ենք, մենք կանգնած ենք այստեղ ու հավերժ ապրելու ենք այստեղ։

Պատերազմի 44 օրերն ու հետպատերազմյան շրջանը ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ով՝ ով է և ով ինչի է ընդունակ։ Մենք մեզ համար հստակեցրել ենք շատ հարցեր, հատկապես միջազգային մակարդակով, և դա կօգնի մեզ ճիշտ որոշումներ կայացնել հետագայում»,- ասել է Իլհամ Ալիևը։ Հիշեցնենք, որ վերոնշյալ բանաձևը Եվրոպական խորհրդարանն ընդունել էր մայիսի 20-ին՝ 607 կողմ ձայնով։ Ավելի վաղ էլ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան բանաձևն անվանել էր «թղթի կտոր» ու նշել, որ այն ընդունվել է «հայկական քարոզչության ազդեցության ներքո»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ