Մենք՝ մեկը ես, ընտրել ենք սխալ ՍԴ անդամներ, ներողություն իմ կայացրած սխալ ընտրության համար

Մեր իշխանության ժամանակ մենք ընտրել ենք Սահմանադրական դատարանի սխալ անդամներ, մեկը ես, ներողություն իմ կայացրած սխալ ընտրության համար: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ նրա՝ ՍԴ 8 դատավորները, որոնք կայացրին Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշում, պատասխանատվություն են կրում Մարտի 1-ի գործի 80 հատորների համար, քանի որ իրենց այդ որոշմամբ հասարակությանը զերծ պահեցին այդ հատորների բովանդակությանը ծանոթանալուց եւ հասկանալուց՝ ովքեր են մեղավորները:

«Այ ՍԴ էս 8 անդամները, որոնցից 3-ին մենք ընտրեցինք, այ ինձ հետաքրքիր է էս 3-ին, հատկապես Խունդկարյանին մենք ինչո՞ւ ենք ընտրել, որը 42 էջ հատուկ կարծիք է գրել, հիմնավորել է… Բա Վճռաբեկ դատարանի նախագահ ջան, բա դու էսքան տարիների մեջ մի հատ արտահայտվեիր, որ 300.1-ը իր մեջ մեր սահմանադրության հետ հակասություն է պարունակում»,- նկատի ունենալով իրենց իշխանության օրոք ՍԴ դատավոր ընտրված Երվանդ Խունդկարյանին՝ ասաց Քոչարյանը:

Նրա համոզմամբ, նախկին իշխանությունների օրոք ՍԴ-ում աշխատած 5 դատավորները՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, այդ խնդիր իրագործելուն վաղուց էին պատրաստ:

«Կասկած չունենաք, որ եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրեին խուլիգանության մեջ, այդ հոդվածը կդիտվեր հակասահմանադրական: Էս դատավորների տրամաբանությունը դա է: Իսկ ո՞վ է փորձաքննության ենթարկելու իրենց որոշումը, այս հոդվածն իրոք հակասահմանադրակա՞ն է, թե Հրայր Թովմասյանի ճաշակով է եւ կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ: Բայց չէ՞ որ այդ հոդվածը իրենք են բերել: Նույն Հրայր Թովմասյանը՝ իր «հայրիկների» եւ «մայրիկների» հետ, Դավիթ Հարությունյանը, Վարդան Պողոսյանը, որոնք պարբերաբար փոխում էին Սահմանադրությունը՝ իրենց ճաշակին համապատասխան»,- ընդգծեց պատգամավորը:

Նա հարց բարձրացրեց՝ սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող 300. 1 հոդվածի հակասահմանադրական ճանաչվելուց հետո Հայաստանում բոլորի ձեռքերը ազա՞տ են թողնվում՝ սահմանադրական կարգի հետ ինչ ուզենան՝ անե՞ն:

«Պետությունը պետք է իր կարգը պահպանելու հնարավորություն ունենա»,- նկատեց Պաշտպանության հնձնաժողովի նախագահը՝ հիշեցնելով, որ 300 հոդվածը արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ փոխվեց, ավելացվեց 300.1-ը, որովհետեւ այն ժամանակ Մարտի 1-ի առնչությամբ միջազգային լուրջ ճնշում կար եւ քաղբանտարկյալներ կային:

Հարցին, հնարավո՞ր է ՍԴ որոշումից օգտվելով գործող իշխանություններն էլ քայլեր անեն՝ Քոչարյանն արձագանքեց. «ՍԴ-ն ասում է՝ ինչ ուզում եք՝ արեք, մենք էլ ասում ենք՝ մեր երկրի թշնամին չենք, մենք ուզում ենք, որ սահմանադրական կարգը հստակ պահպանվի, եւ կարգի փոփոխություն բռնի ուժով պետք է բացառել: Դրա համար կան ժողովրդավարական մեխանիզմներ, մեր իշխանությունը այդ մեխանիզմների պահպանման համար է փոխել երկրում իշխանություն: Նախկինում Սահմանադրության մեջ մի բան էր գրած, բայց իշխանությունը տնօրինում էր ախպերությունը»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե հիմա ի՞նչ է լինելու Մարտի 1-ի գործի ճակատագիրը, ի՞նչ կարող է անել դատախազությունը: Քոչարյանն ասաց, որ դատախազությունը ամբողջ մեղադրանքը կառուցել էր 300.1 հոդվածի հիման վրա: «850 վկայություն, հիմա դրանք պետք է հրապարակվեն: էդ դեպքում ես չեմ հասկանում՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների շահերը ՍԴ-ն պաշտպանեց, ի՞նչ, Մարտի 1-ին ոչ մի բան չի՞ եղել, բանակ չի՞ օգտագործվել, էդ կարգը խախտված էր, չէ՞, ռազմական դրություն հայտարարվեց չէ՞, Սեյրան Օհանյանն ասում էր՝ ուրեմն մի բան արվել է, չէ՞, որ ներքին զորքերը բերեցին: Սեյրան ջան, էդ մի բանը թվարկի, հասկանանք»,- պատասխանեց նա՝ հավելելով, որ պետք է պաշտպանվեն նաեւ տուժողների շահերը, այլապես կստացվի, որ Սահմանադրությունը միայն Ռոբերտ Քոչարյանի համար էր:

Հարց հնչեց նաեւ, թե հնարավո՞ր է նորից փոխեն ՍԴ անդամներին. «Մի հատ փոխելու համար գուցե ընտրությունները տան իշխանություններին հնարավորություն՝ այս հարցերին մի քիչ նայել այնպես, ինչպես պահանջում է մեր երկրի շահը, ոչ թե անհատական շահերի առումով»,- պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով. «Եվ ի վերջո մի մոռացեք՝ 20 տարի շարունակ 2 մարդ՝ նախկինում ասում էին սիամական զույգերը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, էնպիսի իրավական համակարգ էին ստեղծել, այնպիսի կադրային համալրում էին արել, որ ինչքան էլ իշխանափոխությունը տեղի ունեցավ, հեղափոխության պահունակում մնացին էդ մարդիկ եւ այդ մարդկանց, որ պահին ուզեցին օգտագործեցին»:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական եւ անվավեր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը: Երեկ էլ դատարանի որոշմամբ հանցագործության դեպքի բացակայության հիմքով դադարեցվեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ