Վանաձորում շուրջ 2000 աշխատատեղով կարի նոր արտադրամասի միակ խնդիրը աշխատողների պակասն է

Վանաձորում շուրջ 1,5 ամիս է, ինչ կարի նոր արտադրամաս է բացվել, որն առաջարկում է գրեթե 2000 աշխատատեղ: Բացված արտադրամասը հայ-ռուսական «Իջ-Գրանդ» տեքստիլի Լոռու մասնաճյուղն է: Արտադրամասը մասնաճյուղ ունի նաեւ Ռուսաստանի Դաշնությունում ու Տավուշի մարզի Իջեւան քաղաքում:

ՀԺ-ի հետ զրույցում «Իջ-Գրանդ» տեքստիլի գործադիր տնօրեն Մհեր Միրզոյանն ասաց՝ Իջեւանի մասնաճյուղն ունի շուրջ 200 աշխատակից: «Վանաձորի մասնաճյուղում ես այս պահին 2000 աշխատատեղ ունեմ: Իջեւանում մարդկային ռեսուրսի խնդիր ունեինք: Այստեղ մենք նաեւ սովորեցնում ենք կարել։ Երբ տիրապետում են պրոցեսին, ընդունվում են աշխատանքի»,- ասաց գործադիր տնօրենը՝ հավելելով, որ Վանաձորի մասնաճյուղը, թափուր հաստիքները լրացնելուց հետո պատրաստվում է նաեւ ընդլայնել։

Կարի արտադրամասում արտադրվում են որսորդական համազգեստ, ինչպես նաեւ բանվորական ու շինարարական արտահագուստ: Արտադրանքը ռուսական շուկայի համար է: Հումքը եւս ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից:

Ներկա դրությամբ Վանաձորում բացված կարի արտադրամասի մասնաճյուղում հաստիքների գերակշիռ մասը թափուր է: Աշխատանքով հետաքրքրվող քաղաքացիների հոսքը, սակայն, չի դադարում: Տնօրենն ասում է՝ դիմողները շատ են: Մեր այցի ժամանակ ֆաբրիկայում մոտ 200 աշխատող կար, տնօրենի խոսքով՝ նրանցից բոլորը չէ, որ ընդունված աշխատողներ են. «Գալիս են, մի քանի ժամ նստում մեքենայի առաջ, սովորում, փորձում, եթե որոշում են մնալ, մնում են, անմիջապես գրանցում ենք ու սկսում սովորեցնել ու աշխատել: Ես 2000 աշխատատեղ ունեմ Վանաձորի մասնաճյուղում այս պահին: Շենքում 3 հարկ եմ վարձակալել, որ հետագայում ընդլայնելու հնարավորություն ունենամ, այնպես չէ, որ 2000 աշխատատեղով սահմանափակվելու ենք: Ինչքան մարդ եկավ, բոլորին պատրաստ ենք ընդունել աշխատանքի: Մենք ոչ մի խնդիր չունենք, մեր խնդիրը աշխատակիցների բացակայությունն է»:

Աշխատել ցանկացող քաղաքացիների մեծ մասը, ըստ գործադիր տնօրենի, ցանկանում է ֆիքսված աշխատավարձ, մինչդեռ ֆաբրիկայում աշխատավարձը գործարքային է: Աշխատավարձը, ըստ նրա, մրցունակ. «Ես բացել եմ 2000 հոգանոց աշխատատեղ, աշխատողի կարիք ունեմ, ինձ միայն աշխատող է պետք… Ես պատրաստ եմ անգամ ամբողջ շենքը ֆաբրիկա դարձնել, միայն թե աշխատողներ լինեն: Մեծ ներդրումներ ենք արել, անսահմանափակ գործ կա այստեղ: Ամբողջ մեքենա-սարքավորումները նոր են, իրենց առաջ են տուփերից հանվում…»,- եզրափակեց Մհեր Միրզոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ