Դաժան պատերազմի առաջնագծում. Լեռնային Ղարաբաղը The New York Times-ի լրագրողի աչքերով

Անտոն Տրոյանովսկին մեկն է այն տասնյակ օտարերկրյա լրագրողներից, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված պատերազմի առաջին օրերից ժամանել է Արցախ ու լուսաբանում է Ստեփանակերտում, Շուշիում և պատերազմի առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Տրոյանովսկին ամերիկյան հեղինակավոր The New York Times-ի մոսկովյան թղթակիցն է, ով  ծավալուն հոդված  է հրապարակել պատերազմող արցախցիների կենցաղի ու այդ կենցաղի վրա պատերազմի թողած հետքի մասին:

Հոդվածը Տրոյանովսկին սկսել է առաջնագծում տիրող իրավիճակի ներկայացմամբ՝ նշելով, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը սավառնում են հայերի գլխավերևով, իսկ հայերը դիմադրություն են ցույց տալիս ադրբեջանական շարասյուններին, որոնք փորձում են փոքր տարածքային նվաճումներ ունենալ:

Անցնելով Ստեփանակերտի բնակելի թաղամասերին՝ լրագրողը ներկայացնում է հրթիռակոծության ու ռմբակոծության տակ հայտնված խաղաղ բնակիչներին, որոնք լքել են իրենց տները և բնակվում են չջեռուցվող նկուղներում ու ապաստարաններում, ստիպված են լինում քնել ստվարաթղթերի վրա: Տրոյանովսկին հայտնում է, որ պատերազմն արդեն հանգեցրել է տասնյակ քաղաքացիական զոհերի և հարյուրավոր զինվորների մահվան:

«Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում, ուր ես այցելել էի անցած շաբաթ լուսանկարիչ Սերգեյ Պոնոմարյովի հետ, հրետանային կրակը հաճախ լսվում էր հեռվից։ Ուրբաթ ուշ երեկոյան քաղաքը թիրախավորման ենթարկվեց։ Օդային տագնապի ազդանշանները, ցնցումները և խուլ հարվածները լսվեցին ողջ գիշեր, իսկ հյուրանոցի հյուրերը շտապում էին նկուղ: Ռումբերից առնվազն մեկն ընկել էր քաղաքի կենտրոնում»,- գրել է Տրոյանովսկին:

The New York Times-ի թղթակիցն իր հոդվածում անդրադարձ է կատարում նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ նշելով, որ այն արդեն շուրջ մեկ դարի պատմություն ունի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ