«Ինը մանուկի» աղբյուրը․ Հայաստանի հայտնի և անհայտ վայրերը

Անբացատրելի է այն տպավորությունն ու զգացողությունը, երբ նայում ենք Խնձորեսկի անմատչելի ժայռերի վրա գտնվող քարայրներին: Այժմ այդ քարանձավներով հիանում են բազմաթիվ զբոսաշրջիկներ և զարմանում, թե մինչև ո՞ւր կարող է հասնել մարդկային երևակայությունը, ուր տեղավորվում են հեռավոր ժամանակաշրջանները:

Խնձորեսկի յուրաքանչյուր քարանձավ ունի գողտրիկ պահած մի պատմություն, որոնք խնամքով թաքնված են հսկայական ժայռափոր բնակավայրի գրկում:

Հին Խնձորեսկի երկու «ափերը» միացնող ճոճվող կամուրջը կառուցվել է 2012 թվականի հունիսին: Կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը` 63 մ, քաշը` մոտ 14 տոննա:
Կամուրջից երևում են ոչ միայն Խնձորեսկի չորս եկեղեցիները, այլև նշանավոր «Ինը մանուկի» աղբյուրը:
Ըստ հին մի ավանդության` երբ հերթական անգամ Խնձորեսկի վրա հարձակվում են թշնամիները, գյուղի կանայք ու աղջիկները տղամարդկանց հետ պայքարում են պաշարումից ազատվելու համար:
Պայքարի ընթացքում զոհվում է ինը երեխաների մայր, այրի Սոնան: Նրա հայրը` ուստա Օհանը, գյուղի կենտրոնական թաղում` Պիծիձորում, ուր հսկա ընկուզենու արմատներից ջուր էր ծորում, հիասքանչ կամարով և շքեղ թասով աղբյուր է կառուցում` նվիրելով իր աղջկա հիշատակին և ի բարօրություն ինը որբերի, Ավարտելով աղբյուրի կառուցումը՝ ուստա Օհանը դիմել է սրբին.
«Այ սուրբ աղբյուր, աղաչանք եմ անում, թող աղբյուրի ջուրը դառնա մեր Սոնայի կրծքի կաթը և պահպանի որբացած թոռներիս… »:
Աղբյուրի թասը կնոջ կուրծք է հիշեցնում, որից ջուր հնարավոր է խմել միայն խոնարհվելով և երկու ձեռքով հենվելով գետնին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ