Ինչ են խորհրդանշում հայկական տարազի գույները և նախշերը

Տարազը կենցաղի և մշակույթի՝ ավանդականությամբ բնութագրվող տարրերից է, մարդու ցեղային, սեռային պատկանելությունը ցույց տվող, հասարակական նշանակությունը բնութագրող խորհրդանիշ:

Ավանդական տարազը կայուն հատկանիշներով արտացոլում է տվյալ էթնոսի մշակութային ինքնատիպությունը ու ազգային խառնվածքի առանձնահատկությունները: Այն կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից և գլխի հարմարանքից, ներառում է ինչպես հագուստը, գլխանոցը, այնպես էլ դրանց ածանցվող արդուզարդը:

 

Դարավոր ուղի անցած հայկական ավանդական տարազը արտացոլում էր հայ ժողովրդի ինքնատիպությունը։

Ըստ Գրիգոր Տաթևացու՝ (XIV դ) հայկական տարազի մեջ գերակշռող չորս տարերքի գույներն արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։

Տարազի համալիր հանդերձանքի վրա առկա յուրաքանչյուր զարդանախշ ունի իր խորհուրդն ու նշանակությունը: Վերջիններս բաժանվել են  խմբերի՝ շրջան, քառակուսի, խաչ, եռանկյունի, կետանախշ, թռչնանախշ և այլն:  Օրինակ՝ կետանախշը մեկնաբանվել է իբրև սկիզբելակետ և նախահիմք, քառակուսին արտահայտել է աշխարհի չորս կողմերի,  տարվա չորս եղանակների,  բնության չորս հիմնատարրերի գաղափարը։

Հայկական զգեստն առանձնանում է երկարափեշությամբ, կողքերի ճեղքվածքներով և պարտադիր ուղեկցվում է գոտիով: Գեղազարդվել է երիզ -քուղով, ասեղնագործության տարբեր տեխնիկայով: Կանայք գլխաշորը կրել են ուսերն ի վեր, առանց դեմքը, բերանը ծածկելու:

Տղամարդու տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար): Հայերը զարդարում էին շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով: Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը: Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից: Առանց չերքեզիի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ