«Ինձ ժողովուրդը չի ճանաչում, ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ»․ Վազգեն Սարգսյան

«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է: Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են:

Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու՝ այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա՝ ո՞վ է ինքը…»:

Վազգեն Սարգսյանի հերթական տարեդարձին ակամայից հիշում ենք նրա այս բառերը, սեփական անձի շուրջ ձևավորված հասարակական հակասական ընկալման օբյեկտիվ վերլուծությունը: Մեծերին ժամանակակիցները չեն կարողանում ընկալել, ճանաչել, գնահատել` ըստ արժանվույն: Մեծերն` իրենց բովանդակ կյանքով, խոշոր ձեռնարկներով, պատմության սեփականությունն են. տասնամյակների հեռավորությունից հենց նրանցով են հիշվում կարևոր իրադարձությունները, նույնիսկ` պատմաշրջանները: Հայոց նորագույն պատմության մեջ հենց այդպիսի կերպար է Վազգեն Սարգսյանը, որը դեռ կենդանության օրոք վաստակեց Սպարապետ անունը` դառնալով պատմական շրջադարձային իրադարձությունների, բեկումնային հաղթանակի խորհրդանիշը։

…Այսօր Վազգեն Սարգսյանի տարեդարձն է` մեծ հայի, Ազգային հերոսի, Սպարապետի, ու Եռաբլուրի բարձունքից լսելի են կարծես այսօրվա համար ասված նրա սթափեցնող խոսքերը. «Աշխարհի ուժեղները, տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք՝ շտապել, թե չշտապել, «ըսել, թե չըսել»: Ինչի՞ն սպասել՝ Հայաստանի տնտեսության վերջնական կանգառի՞ն… Հայաստանի հայաթափմա՞նը, թե՞ մինչև աղանդավորները առաքելականներիցս ավելի մեծ թիվ կկազմեն…»: Շնորհավոր ծնունդդ, Սպարապետ…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ