![]()
Որևէ հիմք, որևէ տեղ չկա, որի վրա կարող ենք հղում անել ու նման բան ասել, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո Ղարաբաղում ծառայածը կարող է ընկնել նամ կարգավորման տակ, իսկ նման խոսակցությունները բացարձակ հիմարություններ են: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով շրջանառվող այն տեղեկություններին, թե նոր Սահմանադրության ընդունման դեպքում Արցախում ծառայած անձինք քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող են արտահանձնվել Ադրբեջանին:
«Ի՞նչ է նշանակում արտահանձնել: Այսինքն վարչապետի որդին է այնտեղ ծառայել և պատերազմին մասնակցել, մեր շատ թիմակիցներ՝ գործընկերներ, նախարարներ, պատգամավորներ այնտեղ են ծառայել: Կարողո՞ղ է Սամվել Կարապետյանի որդու նման ուղղակի կուրորտներում են անցկացրել ծառայության տարիները, թե՞ որոշ արտոնյալների նման Երևանի որոշ զորամասերում են ժամանակ անցկացրել: Այսինքն այս տրամաբանությամբ, մենք մեր թիմակիցներին պետք է արտահանձնե՞նք կամ ասենք վարչապետի որդու մասին է նման հիմարությունները շրջանառվում»,-ասաց Հակոբյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ հանցագործություն կատարած անձանց արտահանձնումն այլ կարգավորումներ ունի ու կապված է երկու երկրների միջև կնքված տարբեր համաձայնագրերի կամ պայմանագրերի հետ:
«Այսպիսի համաձայնություն Հայաստանն ու Ռուսաստանն ունեն, օրինակ Միհրան Պողոսյանը, քանի որ հետապնդվում էր ռուսական կողմը պարտավոր էր նրան արտահանձնել, ով այստեղ քրեական գործով է անցնում, բայց չի արտահանձնում»,-որպես օրինակ ներկայացրեց Հակոբյանը:
Անդրադառնալով հարցին, թե ընդդիմադիրները նման խոսակցությունների տարածումով ինչ նպատակներ են հետապնդում պատգամավորը նշեց. «Նույնիսկ չեմ էլ ուզում մեկնաբանել դա: Խնդիրը, որը ուզում են գտնել Սահմանադրության նախագծում, դա ուղղակի ձվի մեջ մազ ման գալ է, ավելին չեմ կարող ասել»:
Հակոբյանը նաև բացարձակ հիմար խոսակցություններ համարեց նաև այն, որ քաղաքացիություն ստացած Ղարաբաղի հայրենակիցներին նույնպես կարող են արտահանձնել Ադրբեջան քաղաքացիությունից զրկելու դեպքում:
«Մեր վերաբերմունքը այս դեպքում շատ ակնհայտ է, և դրանք արտահայտվում են մեր վերաբերմունքով, մեր ներդրումով, մեր աջակցության ծրագրերով, որոնք ուղղված են ինտեգրմանը խորացնելուն: Ընդդիմադիրների նման խոսակցությունները ուղղակի չեն նպաստում ինտեգրման գործընթացին»,-ասաց Հակոբյանը:
![]()