![]()
«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում շահառուների մահվան 2 դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
ՀՀ Գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ 2026 թվականի նոյեմբերի 4-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, մասնավորապես, այն մասին, որ ««Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում ամիսներ առաջ գրանցվել է երկու երեխաների մահվան դեպք, որ կազմակերպության բժիշկները երեք օր շարունակ բանավոր կերպով պարբերաբար ահազանգել են տնօրինությանը հինգ երեխաների առողջական ծանր վիճակի մասին, և չնայած նախազգուշացումներին՝ երեխաները բժշկական կենտրոն են տեղափոխվել միայն երրորդ օրը, ինչից հետո նրանցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել»:
«Դիմումատուն խնդրել է պարզել հանգամանքները՝ տալով իրավական գնահատական:
Դիմումատուի կողմից բարձրացված խնդիրները ստուգելու նպատակով՝ այն ուղարկվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ՀՈԳՎ։
Ստուգման արդյունքում պարզվել է, որ 2026 թվականի ապրիլի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրում գտնվող «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ից «Էրեբունի» Բ/Կ են տեղափոխվել նույն ՊՈԱԿ-ի շահառուներ՝ 24-ամյա Ա.Մ.-ն և 35-ամյա Հ.Վ.-ն, որտեղ նույն օրը գրանցվել է Ա.Մ.-ի, իսկ ապրիլի 11-ին՝ Հ.Վ.-ի կենսաբանական մահը: Արարատի մարզի քննչական վարչությունում 2026 թվականի նոյեմբերի 23-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ (2 դրվագ), կատարվում է նախաքննություն»,- հայտնել են Դատախազությունից:
![]()