![]()
Նոր Սահմանադրությամբ միջազգային և տարածաշրջանային դիրքավորումը առաջին հերթին մեզ է պետք, որովհետև ինքներս պետք է որոշում կայացնենք, թե ինչ ռազմավարություն ենք ընտրում՝ Եռաբլուրն ընդլայնելու ռազմավարություն, թե Եռաբլուրը չընդլայնելու ռազմավարություն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մենք մնում ենք 1990 թվականի Հայաստանի անկախության հռչակագրի շրջանակում, Եռաբլուրի ընդլայնումը անխուսափելի է: Ուրիշ հարց, թե գործընթացները ո՞ր ղեկավարի օրոք կհասունան և կհասնեն կուլմինացիայի: Ես դրա համար եմ ասում, պետք է կողմնորոշվենք, թե ինչ ենք ուզում: Եկեք հստակեցնենք, եթե մեր ռազմավարությունը այն է, որ մենք գնում ենք Անկախության հռչակագրի, Ղարաբաղի շարժման և տարածաշրջանում տարածքային հավակնություններ ներկայացնելու ճանապարհով ուրեմն՝ չկա տարբերակ, որ Եռաբլուրը չընդարձակվի: Ընդ որում զոհերի թիվն էլ է նույնը, և հարց է թե ի՞նչ ժամանակում կգրանցվեն: Կգրանցվեն հինգ տարում, կգրանցվեն 44 օրում, թե կգրանցվեն 20 տարում»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև ընդգծեց, որ նոր Սահմանադրության ընդունման համար դնում է իր քաղաքական վստահելիությունը, բարոյական և մարդկային որակները, որի նպատակը հարատև խաղաղություն ունենալն է:
«Հարատև խաղաղությունը դրված է մեր առաջ: Մնում է ձեռքը պարզել և վերցնել: Ձեռքը պարզել և վերցնելը դա նոր Սահմանադրության ընդունումն է, որը մեր ներքին օրակարգն է, բայց ակնհայտ է, որ այն ունենալու է միջազգային և տարածաշրջանային ազդեցություն»,-ասաց վարչապետը:
![]()