Ստորագրվել է Հայաստանի նորարարական էկոհամակարգի տվյալների հարթակի զարգացման վերաբերյալ հուշագիր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը և Dealroom-ը ստորագրել են «Հայաստանի նորարարական էկոհամակարգի տվյալների հարթակ» ծրագրի իրականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

Հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 20-ին՝ «DigiTec 2026»-ի շրջանակում, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանի մասնակցությամբ։

Երկու տարի ժամկետով համագործակցության շրջանակում նախարարությունը հարթակի տվյալները կօգտագործի ոլորտային քաղաքականությունների և ռազմավարությունների մշակման, ինչպես նաև իրականացվող ծրագրերի գնահատման նպատակով։

Նախարարությունը նաև ՀՀ օրենսդրությամբ թույլատրելի շրջանակներում հասանելի կդարձնի ստարտափներին, տեխնոլոգիական ընկերություններին, պետական աջակցության ծրագրերին, նորարարությանն ու ներդրումներին վերաբերող պետական տվյալները։

Համագործակցությունը ներառում է նաև հարթակի կառավարման մեխանիզմների ձևավորմանն ու դրա երկարաժամկետ կայունության ապահովման հնարավոր մոդելների ուսումնասիրմանը նախարարության մասնակցությունը՝ ներառյալ ինստիտուցիոնալ սեփականության մոդելների և ազգային թվային ենթակառուցվածքում ինտեգրման հնարավորությունների դիտարկումը։

Նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ հուշագրի ստորագրման պահին Հայաստանի նորարարական էկոհամակարգի տվյալների հարթակն արդեն գործարկված էր և հասանելի օգտագործման համար։ Նրա խոսքով՝ կատարված աշխատանքը ձևավորել է հետագա համագործակցության գործնական հիմքը, իսկ առաջիկա փուլում առաջնահերթություն են լինելու հարթակի շարունակական զարգացումը, տվյալների համալրումն ու կատարելագործումը։

Տաթև Ասլանյանը կարևորել է հարթակի նշանակությունը Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացման, հայկական ընկերությունների միջազգային տեսանելիության բարձրացման և ներդրումային հնարավորությունների ընդլայնման գործում։

«Հավաստի տվյալները վստահության ձևավորման կարևոր նախապայման են։ Ստարտափների համար հարթակը կնշանակի ավելի մեծ տեսանելիություն և հասանելիություն ներդրողներին ու գործընկերներին, ներդրողների համար՝ նոր հնարավորությունների բացահայտման հավաստի տեղեկատվություն, իսկ պետական կառավարման համակարգի համար՝ քաղաքականությունը գնահատելու, առկա բացերը բացահայտելու և առավել հիմնավորված որոշումներ կայացնելու գործիք։ Մեր նպատակն է, որ հարթակը զարգանա Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի հետ միասին և դառնա դրա երկարաժամկետ զարգացման կարևոր բաղադրիչ»,- նշել է նախարարի տեղակալը։

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ Հայաստանի ձեռնարկատիրական տաղանդն ու տեխնոլոգիական կարողությունները համագործակցության զգալի հնարավորություններ են ընձեռում Եվրոպայի հետ։ Նրա խոսքով՝ EU4Innovation East ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունն օգնում է հայկական նորարարությունը կապել եվրոպական և համաշխարհային շուկաների հետ։

EU4Innovation East ծրագրի ղեկավար Ժյուլիեն Շմիթը կարևորել է Հայաստանի ստարտափների, ներդրողների և աջակցող կառույցների վերաբերյալ հավաստի տեղեկատվությունը մեկ հարթակում համախմբելու նշանակությունը՝ ընդգծելով, որ այն կօգնի ձեռներեցներին գտնել համապատասխան կապեր, կազմակերպություններին՝ առավել հասցեական դարձնել իրենց աջակցությունը, իսկ միջազգային գործընկերներին՝ ավելի ամբողջական պատկերացում կազմել Հայաստանի նորարարական ներուժի մասին։

Dealroom-ի էկոհամակարգերի աճի ղեկավար Իֆա Մորինն ընդգծել է, որ հարթակի գործարկմամբ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտն այսուհետ կարող է չափվել, համադրվել և ներկայացվել աշխարհի այլ էկոհամակարգերի հետ միասնական մեթոդաբանությամբ։

Civitta-ի միջազգային բիզնեսի ստորաբաժանման կառավարող գործընկեր Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ հարթակը հնարավորություն կտա գնահատել իրականացվող ռազմավարությունների և ծրագրերի արդյունքները՝ ապահովելով նաև կանանց կողմից ղեկավարվող և «կանաչ» ստարտափների վերաբերյալ տվյալների հասանելիությունը։ Նրա խոսքով՝ հարթակի տվյալների հիման վրա նախատեսվում է պատրաստել գնահատման երկու զեկույց, որոնք կքննարկվեն համայնքի հետ բաց աշխատաժողովների ձևաչափով։

«Հայաստանն արդեն ապացուցել է, որ կարող է ստեղծել համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական պրոդուկտներ, և ԱՏՁՄ-ում մեր առաքելությունն է այդ ներուժը լավագույնս ներկայացնել միջազգային հանրությանը։ Այդ ուղղությամբ մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, որոնցից մեկը նաև «Դիջիթեք»-ն է։ Այժմ մեր ամբողջ էկոհամակարգը հստակ ու համակարգված ներկայացված է մեկ միասնական հարթակում, ինչը նոր հնարավորություններ է բացում համայնքի և միջազգային գործընկերների համար»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը։

Հարթակը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ EU4Innovation East ծրագրի շրջանակում, համաֆինանսավորվել է Ֆրանսիայի կառավարության կողմից և իրականացվում է Expertise France-ի միջոցով՝ Dealroom-ի, Civitta-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) համագործակցությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ