![]()
Շիրակի մարզում մեկնարկել է կարկտահարությունից տուժած բնակիչներին և տնտեսություններին մասնակի փոխհատուցման տրամադրման գործընթացը
2026 թվականի հունիս-հուլիս ամիսներին տեղացած կարկուտի հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցման նպատակով Շիրակի մարզին հատկացվել է ընդհանուր 589 մլն 924 հազար դրամ։ Մինչ օրս Շիրակի մարզպետի աշխատակազմը այս գումարից փոխանցել է 194 մլն 302 հազար դրամը։
Աջակցությունը տրամադրվում է մի քանի ուղղությամբ։
Վնասված ավտոմեքենաներ
Մարզում հաշվառվել է կարկտահարությունից վնասված 2007 ավտոմեքենա։ Յուրաքանչյուր մեքենայի համար նախատեսված է 100 հազար դրամ մասնակի փոխհատուցում՝ ընդհանուր 200 մլն 700 հազար դրամ։
Ախուրյան, Ամասիա, Անի համայնքների վնասված մեքենաների գումարները Շիրակի մարզպետի աշխատակազմը փոխանցել է և այս համայնքների շահառուները փոխհատուցումը կարող են ստանալ երկուշաբթի օրվանից Կոնվերս բանկի մասնաճյուղերում։
Գյումրու շահառուների մասով, դեռևս ընթանում են փաստաթղթային փաթեթների ճշգրտման աշխատանքները, դրանց ամբողջականացման ավարտից հետո եկող շաբաթ այս գումարները ևս կփոխանցվեն։
Ջերմոցներ և ջերմատներ
Ջերմոցային տնտեսություններին հասցված վնասների փոխհատուցման գումարները ևս Շիրակի մարզպետի աշխատակազմը փոխացնել է՝ ընդհանուր 29 մլն 978 հազար դրամ։ Գյումրի, Ախուրյան, Անի համայնքների ջերմոցային տնտեսությունները վնասի փոխհատուցման գումարները կարող են ստանալ Կոնվերս բանկի մասնաճյուղերում։
Գյուղատնտեսական վնասներ
Գյուղատնտեսական ոչ ապահովագրելի վնասների մասնակի փոխհատուցման համար նախատեսված 103 մլն 824 հազար դրամը Շիրակի մարզպետի աշխատակազմը փոխանցել է Աշոցքի, Ամասիայի, Անիի Ախուրյանի համայնքապետարաններին՝ բաշխումը կազմակերպելու նպատակով։
Անհատական բնակելի տների տանիքներ
Սեփականատերերի փաստաթղթերի ամբողջականացումից և տվյալների վերջնական ճշգրտումից հետո, Շիրակի մարզպետի աշխատակազմը հաջորդ շաբաթ կփոխանցի նաև Գյումրու, Ախուրյանի և Անիի անհատական բնակելի տների շահառուների համար նախատեսված գումարները։
Բազմաբնակարան շենքեր
Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման նպատակով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման գործընթացի վերաբերյալ առաջիկա օրերին Շիրակի մարզպետի աշխատակազմը հանդես կգա համապատասխան պարզաբանումներով՝ ներկայացնելով գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանն առնչվող խնդիրները և դրանց հետագա լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։
![]()