![]()
Եվ այսպես, հայտնի են հունիսի 7-ի ընտրություններից չորս ամիս անց տեղի ունեցած «միջանկյալ վերաքննության»՝ ՀՀ 19 համայնքներում համամասնական ընտրակարգով կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները։ Դրանք, չնչին բացառությամբ, փաստում են երկու կարևոր հանգամանք՝ ընդդիմությունը, այդ թվում՝ վերաբրենդավորված և «ուժեղ», «հայկական», «նոր» էպիտետների ներքո մատուցված, կառավարող ուժին այլընտրանք չի դիտարկվում, ավելին՝ հետևողականորեն մաշվում է։ Մինչդեռ կառավարող ուժը, չնայած մաշվող ընդդիմության՝ անցած առնվազն 5 տարիներին բանեցրած «մաշեցուցիչ» գործիքակազմին ու քարոզչությանը, աճեցնում է իր հանրային վստահության ցուցիչն ու մրցակցությունից դուրս թողնում ընդդիմությանը։ Նկատենք, որ համայնքների մի մասում, որտեղ եղել են մրցակցային ընտրություններ, ՔՊ-ն տարել է ջախջախիչ հաղթանակ։ Օրինակ՝ Արտաշատում, Ծաղկաձորում, Հրազդանում, Մարտունիում՝ մրցակցելով «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ի հետ։ Հիշո՞ւմ եք՝ սույն կուսակցության ընտրացուցակի առաջին համարի, այլ ընդդիմադիր ուժերի որոշ կարկառունների՝ նախընտրական շրջանում արած մեծաբերան հայտարարություններն ու հաթաթաները «ՔՊ-ին հայ ժողովրդի առաջ ծնկի իջեցնելու ու հատուցման հասցնելու», «համայնք առ համայնք ՔՊ-ին իշխանազրկելու», «անվերջանալի զիջումների շղթան կտրելու» մասին։ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ մեր երկրում, անկախ ընտրությունների մասշտաբներից՝ համապետական, թե տեղական, մեկ սուբյեկտ է, որ ծնկի է բերում կամ պատվանդանին է կանգնեցնում քաղաքական ուժին, մեկ սուբյեկտ է, որ իշխանազրկում կամ իշխանությամբ է օժտում քաղաքական ուժին։ Եվ այդ մեկ սուբյեկտը հաստատ Դաշնակցությունը չէ, ոչ էլ «Ուժեղ Հայաստանը», ոչ էլ անգամ սույն կուսակցության հետ քաղաքական արիշ-վերիշների մեջ եղող «Ապրելու երկիր»-ն ու հանրությանն անհայտ ինչ-որ խմբակ՝ «Նոր դարաշրջանը», էլ չասած՝ «Հայկական քվե»-ն։ Այդ սուբյեկտը ընտրողն է և վերջ։
Լաց և մահանաներ. Ընդդիմությունը՝ դասից փախած աշակերտի դերում
«Վերջ»-ին դեռ կհասնենք, արդ տեսնենք, թե «պոստ ֆակտում» ինչո՞վ է զբաղված ընդդիմությունը։ Հատկապես այն հատվածը, որը անցած խորհրդարանական ընտրություններին մասնակցեց, իսկ ՏԻՄ-ին՝ ոչ, ընտրողին այդպես էլ չապահովելով քաղաքական այլընտրանքի հնարավորությամբ։ Բնականաբար՝ լացում է իր հավաքական պարտության լացը, փորձում հիմնավորել որոշ համայնքներում ընտրապայքարին չմասնակցելու իր որոշումը (ստիպեցին, սպառնացին, «ծեծեցին, անիծեցին)։ Եվ․.․ լացի կուլմինացիան՝ նսեմացնել ՔՊ-ի տարած հաղթանակը՝ տարատեսակ թվաբանական հաշվարկներ անելով, որոշ համայնքներում ընտրությունների ցածր մասնակցայնություն, մրցակցության բացակայություն արձանագրելով։ «Հակառակորդի բացակայությունը դեռ սեփական ուժի ապացույց չէ։ Երբ քաղաքական դաշտը դատարկվում է, իշխանությունը ստանում է ավելի շատ մանդատներ, իսկ պետությունը՝ ավելի քիչ ժողովրդավարություն։ Եվ հենց սա է այդ «հաղթանակի» ամենածանր պարտությունը»։ Մեջբերված մտքի հեղինակն, օրինակ, Պետական եկամուտների «հաշվարկը» ժամանակին արած Դավիթ Անանյանն է, որը հունիսի 7-ի ընտրություններին նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարն էր։ Անանյանը, նկատենք, որպես հունիսի 7-ին 2,28 տոկոս ստացած ուժի ներկայացուցիչ, խղճուկ փորձ է արել՝ բացատրելու ընդդիմության մասնակցության բացակայությունը կայացած ընտրություններին։ Ընդ որում, շատ մանիպուլյատիվ հարցադրմամբ՝ «ինչո՞ւ ընդդիմության մասնակցությունն այսքան սահմանափակվեց»։ Տպավորություն է, թե ընդդիմությունը ձեռուոտ ընկած, համայնքների զարգացման շեդևրալ ծրագրերը թևատակին դրած ուզում էր մասնակցել ընտրապայքարին ու «կրել» (կամ դրա «ռ»-ով տարբերակը), սակայն իշխանությունն, ահա, բռնեց ու ճնշումների ենթարկեց վերջինիս (ճնշումների մասին՝ վերջին օրերին պատմվող հեքիաթի մոտիվներով)։ «Ֆինանսական միջոցների սղությունը, տեղական կառույցների թուլությունը, թեկնածուներ հավաքագրելու և ընտրողին հասնելու դժվարությունները իրական խնդիրներ են։ Ընդդիմությունն իր կազմակերպական բացթողումների պատասխանատվությունից ազատված չէ։ Սակայն այս պատկերը միայն ռեսուրսների պակասով բացատրելը նշանակում է շրջանցել գլխավոր քաղաքական հարցը՝ ինչ գնով է այսօր հնարավոր ընդդիմադիր մասնակցությունը։ Երբ ընդդիմադիր քաղաքական ուժի թեկնածուն պետք է հաշվարկի ոչ միայն պարտվելու, այլև իր ազատության, աշխատանքի և ընտանիքի բարեկեցության հնարավոր կորուստը, ընտրություններին մասնակցելը քաղաքացիական իրավունքից վեր է ածվում անձնական արկածախնդրության նմանվող որոշման։ Պարտադիր չէ ճնշել բոլորին, քանի որ մի քանի տեսանելի դեպքը կարող է լռեցնել ու կաշկանդել շատերին»։ Համաձայնեք, այս սրտաճմլիկ, աղեկեզ բացատրությունը հիշեցնում է դասը չսովորած, դրանից փախած ու հաջորդ օրը տնօրենի կաբինետում արդարացող ծույլիկ աշակերտին, թե՝փորս ցավում էր, շտապում էի տուն, քանի որ մայրիկս գործի էր ու մոռացել էր արդուկն անջատել, և այսպես շարունակ։ Ինչ վերաբերում է Անանյանի նշած կազմակերպական բացթողումներին՝ ֆինանսական ռեսուրսների սղություն, տեղական կառույցների թուլություն, թեկնածուներ հավաքագրելու դժվարություն, ապա նկատենք, որ սա կեղծ հիմնավորում է, քանի որ քաղաքական դաշտում դոմինանտ ուժերը՝ ՀՀԿ, ԲՀԿ, «Ուժեղ Հայաստան», ՀՅԴ, ինչպես նաև «Ապրելու երկիր», դատելով դրանց տարեկան հաշվետվություններից, չունեն տարածքային գրասենյակների խնդիր։ Ինչ մնում է ֆինանսական միջոցների սղությանը, նկատենք՝ վերոթվարկյալ կուսակցությունների մեծ մասը չունի նման խնդիր։ Ավելին՝ Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս նախընտրական հիմնադրամ բացել՝ նախընտրական քարոզչության ֆինանսավորման նպատակով։ Սա մի բան է, որը հաստատ պետք է իմանա ՊԵԿ նախկին նախագահը, այլ բան, որ ընդդիմադիր դաշտի մասին խոսելիս պարոն Անանյանը այն նույնացնում էր սեփական կուսակցության հետ, որը, այո, դատելով հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ ԿԸՀ ներկայացված հայտարարագրից՝ չունի տեղական կառույցներ։ Ամփոփելով՝ նկատենք՝ կանխազգալով սեփական պարտության ծանրությունն ու ընտրապայքարի մեջ չմտնելով՝ պետք չէ տարատեսակ մահանաներ բերել՝ քողարկելու սեփական անգործությունն ու քաղաքական ապաշնորհությունը և վերջապես՝ նսեմացնելու հակառակորդի հաղթանակը։ Քաղաքական դաշտի ծայրահեղ բևեռացումը՝ «ռոբա-սերժա-կալուգայա-կտրիճացումը» ու կառավարող ուժի ռեալ այլընտրանքի բացակայությունը, այո, լրջագույն խնդիր է, սակայն, ինչպես իրուղերձում նկատեց կառավարող ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանը․ «Կառավարությունը չի կարող ու չպետք է ընդդիմություն ստեղծի, քանի որ դա կլինի կառավարվող, կեղծ ընդդիմություն։ Լուծումը, հետևաբար, այն է, որ ՀՀ ոչ իշխանական, պետականակենտրոն ուժերն ակտիվանան։ ․․․Մենք իսկապես շահագրգռված ենք, որ ՀՀ-ում ձևավորվի ընդդիմություն, որը գործում է ՀՀ շահերի վրա հիմնվելով»։
Սերժ Սարգսյանի պահած համայնքներն ու ամոթանքը
Արձանագրենք՝ ՏԻՄ ընտրությունները կառավարության՝ համայնքային մակարդակում կատարած աշխատանքին տրված գնահատականն են, և այլևս անցյալում են այն դժնդակ ժամանակները, երբ համայնքային ընտրություններում մշտապես հաղթում էին կառավարող ուժը՝ ՀՀԿ-ն, կամ մեկումեջ էլ՝ դրա դուստր կազմակերպությունը՝ ԲՀԿ-ն, ներկայացնող գյուղապետերն ու քաղաքապետերը։ Սակայն ոչ թե և ոչ այնքան կատարված աշխատանքի, գյուղացու կամ քաղաքացու մատից փուշ հանելու համար, այլ որովհետև քաղաքական «դրվածքն» էր այդպիսին՝ քանի «Սերժի դաբրոն» կար, տեղական բդեշխներն ու իշխանիկները պետք է միշտ «շակալադ ուտեին»՝ «հաղթեին»։ Նկատենք, որ այդ «հավերժական հաղթանակի» շարժիչի հետևանքով համայնքների ճնշող մեծամասնությունում գյուղապետերը գահակալում էին «Նիկալայի թվից», որոշ համայնքներում՝ ավելի քան քառորդ դար՝ 25 տարի։ Սերժ Սարգսյանին ու նրա պաշտոնավարման շրջանի մասին մի տխուր հիշեցում։ Հիշո՞ւմ եք, 2017-ի դեկտեմբերին Դիլիջանում կայացած ՀՀ տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում Սերժ Սարգսյանը, գույքագրելով ՀՀ համայնքների տարատեսակ խնդիրներն ու արձանագրելով դրանց թշվառ վիճակը, նախատել էր համայնքապետերին՝ նրանց ընդհուպ մեղադրելով գող լինելու մեջ։ «Սա մեր պետությունն է, մեր ընդհանրական պատասխանատվությունը, ուստի մեղքն ուրիշի վրա բարդելու առիթ և արդարացում չպետք է փնտրենք: Ժողովրդավարություն հասկացությունն անիմաստ է առանց կայացած տեղական ինքնակառավարման: Սա է իսկապես կարևոր դարձնում այս քննությունը մեր հասարակության և պետության համար: Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ ուղղակի ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել՝ եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվելու, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»:
Սա էր Սերժ Սարգսյանի պահած Հայաստանն իր համայնքային կառավարմամբ, բնակչության փողերի գողության հանդեպ ներողամտությամբ։ Պատահակա՞ն է, որ ՀՀԿ-ն ինչպես խուսափեց համապետական ընտրություններին մասնակցելուց, այնպես էլ ՏԻՄ ընտրություններին՝ իր կառավարման տարիների դառը հիշողությունները վերապրել չտալու գթասրտությունից դրդված։ Բայց, փույթ չէ, այս ուժի հետ աֆիլացված քաղխմբակների ներկայացուցիչները այսքանն իմանալով՝ կառավարող ուժին մեղադրում են ՏԻՄ-երում թեկնածուների հանդեպ իբրև թե ճնշումներ բանեցնելու, հետապնդելու ու այլ սրտակեզ բաների մեջ՝ ստվերելու համայնքներում կատարված ահռելի աշխատանքը՝ բնակչության փողերը տուն տանելու փոխարեն։ Բա ոնց չասես՝ ամոթ է։
Հեղինե Մանուկյան
![]()