«Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը չի ընդգրկվել ԱԺ նստաշրջանի օրակարգում

Մեկնարկել է ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը։

Նիստի սկզբում քվեարկության է դրվել «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» հայտարարության նախագիծը 9-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը։

Վարման կարգի վերաբերյալ իր խոսքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնել է, որ ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին։

Քվեարկության արդյունքները հետևյալն էին՝ կողմ՝ 33, դեմ՝ 54, ձեռնպահ՝ 4։

«Այսպիսով, չի ընդգրկվի հարցն օրակարգում»,- հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Մինչ այդ Ռուբինյանը տեղեկացրել էր՝ նախագծի վերաբերյալ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել էր բացասական եզրակացություն, և նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար հարցը հարկավոր է քննարկել առանձին։

Հայտարարության նախագծի հիմնական զեկուցող Լիլիթ Գալստյանն իր խոսքում հիշեցրել էր՝ երեկ ՀՀ ԱԺ-ում տեղի են ունեցել լսումներ, որոնք նախաձեռնել էր «Հայաստան» խմբակցությունը, որին միացել էր նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։

Իր հերթին հայտարարության նախագծի հարակից զեկուցող Արման Եղոյանը նշել էր՝ ընդդիմության հայտարարության տեքստը բացասական եզրակացության է արժանացել պետաիրավական հանձնաժողովում երկու պատճառով. նախ՝ այնտեղ արձանագրված գնահատականներն ամբողջությամբ սխալ են, սուտ ու չհիմնավորված։

«Երկրորդ՝ ով ով, բայց եթե մենք բարելավելու տեղեր ունենք ժողովրդավարական բարեփոխումներում, ապա Դաշնակցության հետ էդ հարցում մենք անելիք չունենք։ Ով խոսի ժողովրդավարությունից, Դաշնակցությունը թող խոսի պատմական արդարությունից, պատմական իրավունքներից, Մեծ ու Փոքր Հայքերից։ Դուք ի՞նչ կապ ունեք ժողովրդավարական, այսպես կոչված, հետընթացի հետ»,- ասել է Եղոյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ