Առանց ռուսական ռազմաբազայի «անտեր մնացողների»՝ նոր հրահանգը. Տիգրանաշենը՝ ընդդիմության քայքայման սկիզբ

Ինչքան էլ Հայաստանի Հանրապետությունում իրավագիտակցության հաղթարշավ է, և քաղաքացիներն ավելի ու ավելի խորն են տեսնում ամեն ինչ, ավելի լավ են հասկանում ՀՀ-ում և շուրջը կատարվողը, միևնույն է պրիմիտիվ հարայ-հրոցի ու մանիպուլյացիաների հետևից գնացողները դեռ քիչ չեն։ Ընդ որում՝ եթե ՀՀ-ում ապրողների մեջ կամաց-կամաց այդ պրիմիտիվ մտածողությունը տեղի է տալիս, ինչը տեսանք նաև ընտրությունների արդյունքներով, ապա համացանցի հայկական տիրույթում բոլորը չէ, որ ՀՀ-ում ապրողներն են։ Իսկ հատկապես հյուսիսային մի երկրում ապրողների մեծ մասը դեռ ապրում է կայսերական արժեհամակարգի մեջ, հավատում 300 հազար ադրբեջանցիների գալուն, Տիգրանաշենի հանձնելուն ու առհասարակ անդադար հանձնելուն։

Ըստ իրենց՝ Հայաստանում ամեն օր ինչ-որ բարձունք, ինչ-որ ճանապարհ, ինչ-որ եկեղեցի կամ գյուղ է հանձնվում ադրբեջանցիներին, և շատերը դրան լրջորեն հավատում են։ Իհարկե, այդ հավատալն ու մանիպուլյատիվ մեկնաբանությունները այնքան էլ ինքնաբուխ ու պրիմիտիվ երևույթներ չեն, ամեն ինչ շատ ավելի բարդ է, աշխատանքը համակարգվում է բավականին գրագետ, երբեմն հստակ հրահանգով, երբեմն ադրբեջանական քարոզչությունն էլ է միանում այդ խրախճանքին, քանի որ միամտություն կլիներ այդ պահին չօգտվել մեր ներսի անհամաձայնություններից ու նավակը ճոճելուց։

Ավելին՝ հայության այդ զանգվածը, որ գենետիկական կամ հիշողության մի մասնիկով է միայն հայ, իսկ իրականում հայության հետ առհասարակ կապ չունի, ոչ միայն հավատում է այդ պրիմիտիվ նարատիվներին, այլ նաև կարողանում է իրական դեպքերի կապերը տեսնել ուղիղ հակառակ հարաբերության մեջ։ Երբ ՀՀ շահերը հստակորեն դավաճանած ու թշնամու հետ ձեռք ձեռքի տված քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներից մեկի հերթական նոր հարյուրերորդ բնակարանը կամ օբյեկտն է վերադարձվում պետությանը կամ հերթական միլիարդ դոլարը, ապա նորից դաշտ է նետվում հերթական բլուրի, ճանապարհի կամ գյուղի հանձնման մասին լուրը։ Սա պարզագույն մեխանիզմ է՝ մանիպուլյացնել մարդկանց գիտակցությունը և իրերը ներկայացնել գլխիվայր։

Նույն կերպ կառուցվեց ողջ նախընտրական քարոզարշավը, որ եթե նրանց (ընդդիմությանը) չընտրեն, ապա Հայաստանի Հանրապետությունը թուրքացվելու է։ Այստեղ էական է նաև այն հանգամանքը, թե առանց ռուսական ռազմաբազայի «Անտեր մնացողների» կույտը ինչ հրահանգ է ստանում վերևից։ ՀՀ-ին տնտեսական պատժամիջոցներով, ապրանքների արգելանքներով, գազի գնով սպառնալիքները պետք է ուղեկցվեն պարտադիր նման հայրենախեղդ պաթոսներով, թե՝ «թուրքը եկավ, թուրքը տիրացավ, լրիվ տվեցին թուրքին» և այլն և այլն:

Ընդ որում՝ այս խոսույթի չափաբաժինը վաղուց անցել է մեր կյանքի թունավորման բնական հարաբերակցությունը։ Սա չափազանց լուրջ է մտել մեր առօրյա, մեր իրականություն։ Սակայն նրանք չեն հասկանում, որ այս պրիմիտիվ նարատիվները շատ վտանգավոր են հենց դա տարածողների համար. չէ՞ որ զգայուն թեմաներ են սրանք. մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների գալ ապրելը սովորական թեմա չէ։ Այդ մասին նրանք բարձրաձայնել են ամենաբարձր մակարդակով, նախընտրական քարոզչությունը ամբողջովին կառուցել այդ հիմքով, կրկնել մի հազար անգամ։ Բայց մեկ-երկու տարի հետո մարդիկ հարց կտան՝ «բա ո՞ւր են այդ ադրբեջանցիները», ու նրանք լրիվ կդառնան ծաղրածուներ, որոնց ոչ մեկը բանի տեղ չի դնի։

Հիմա կատարվում են այդ ծանրագույն նարատիվի՝ մինչև «Վա բանկ» գնացած մակարդակի ուռճացման հետևանքները՝ օգտագործելու կամ կործանվելու գործընթացը։

Տիգրանաշենը սովորական քարոզչություն չէ, ինչպիսին մենք տեսել ենք Կիրանցի եկեղեցու հետ կապված։ Սա արդեն նրանց վերջին կամ նախավերջին բարիկադներից մեկն է։ Այստեղ նրանք կա՛մ պետք է հանրությանը ցույց տան, որ իբր իրենց պայքարի արդյունքում դա տեղի չունեցավ, կա՛մ պետք է հաշվարկեն այս թեմայի շնորհիվ մեծ պայքար սկսելու հնարավորությունը: Մի բան հստակ է. եթե Տիգրանաշենի թեման չուռճացնեին, ապա իրենց շատ շուտով անհարմար հարցեր էին տալու, այսինքն՝ այս թեման արհեստական է, որպեսզի չկանգնեն իրենց իսկ հորինած նարատիվներին պատասխանելու փաստի առաջ, բայց պարզ է, որ այս փուչիկն էլ է պայթելու։

Արդյոք արժե՞ր, որ մեկանգամյա օգտագործման ապրանքի կարգավիճակ ստանային օտար ուժերի ձեռքին, իսկ եթե իրականում հավատում ու ապրում են այդ ամենով, ապա իրենց տեղը քաղաքականությունը չէ, այլ մանեժը։ Իհարկե, հիմա նրանք երազում են, որ իրենց իբր արդար պայքարը մի լավ աղմուկ հանի, հետո գնան տուն, կամ արձակուրդի անունը դնեն, թե՝ «մենք դուրս եկանք պայքարի, Նիկոլն էլ վախեցավ, Ալիևն էլ հետը, ու Տիգրանաշենից հեռու մնացին»:

Իհարկե, այս ամենը ծիծաղելի է, բայց «չորս» ոտքերը կապված ընդդիմությունը այլ իրավիճակում երբեք չի էլ եղել։

Չնայած սա առաջին հայացքից է տարօրինակ ու զարմանալի, երբ մենք նրանց գործունեությանը նայում ենք մեր օրինաչափություններով, մեր պատկերացումներով։ Բնականաբար, իրենց մոտ այլ օրինաչափություններ են, այլ ճշմարտություն։ Իրենց ճշմարտությունը բխում է «Անտեր մնալու», «մեր ծաղիկների համար ռուսաց ցարի ոտքերն ընկնելու», «ռուսական ֆորպոստի» հոգեբանությունից ու արժեհամակարգից։ Մենք ինչ կարող ենք սպասել մարդկանցից, որոնք այս արժեհամակարգով են ապրում, նրանց երազանքի պետականությունը Չեչնիան է, և դրա մասին խոսելիս էլ անկեղծ են։ Այս ամենը հասկանալու համար բավական է նայել ռուսական քարոզչությունն ու արժեհամակարգը։ Սա է ռուսական թույլատրելիության ու կարելիության սահմանաչափը։ Եթե գոնե մի երկու գիրք կարդային այդ պարոնայք ու իմանային, օրինակ, լեհական, սերբական, ռումինական, ֆիննական պատմությունները, կհասկանային, որ ռուսական մտածելակերպը այլ կերպ չի էլ կարողանում լինել ու անկախ իրենից՝ ամեն ինչ տանում է դեպի փակուղի։ Նրանց համար կա՛մ դու հպատակ ես, կա՛մ քո վրա բաց են թողնում իրենց մրցակիցներին, թշնամացնում քեզ հետ, որ դու պատերազմես, թուլանաս, հետո ստիպված նորից դիմես ռուսին, որ քեզ փրկի։ Եվ դա աշխատում է այնքան ժամանակ, մինչև երկուսով հասկանում եք (ում լարել են քո դեմ) ու դուրս գալիս այդ անիծյալ օրինաչափությունից։

Բայց դա ընկալելու համար նախ դուրս պետք է գաս Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստը բացահայտ համարողին հերոսացնելու հոգեվիճակից: Պետք է հասնես այն կարգավիճակին, որ նման բան ոչ միայն չասես, այլ վախենաս անգամ մտածել, քանի որ անկախականների սերունդը ուղղակի քեզ անարգանքի սյունին կգամի։ Իսկ մեր մոտ դեռ, ցավոք, անկախականները այնքան մեծամասնություն չեն, որ ստրուկներին ուղղակի փոշիացնեն։ Դա նույնն է, որ Սպարտակի ապստամբության ժամանակ ապստամբները շշուկով էին իրար հետ խոսում, քանի որ ստրուկների մեծամասնությունը համակերպվել էր իր կարգավիճակի հետ և կծախեր ուղղակի ապստամբության կազմակերպիչներին։ Կծախեր բառացի մի երկու մտրակ չուտելու դիմաց։

Այնպես որ Տիգրանաշենը ուղղակի ընդդիմության համար ինքնադրսևորվելու նոր կետ չէ, սա այն կետն է, որտեղ նրանք կա՛մ կհավաքվեն ու կհամոզեն մեզ, որ իբր իրենց պայքարի շնորհիվ չկայացավ այդ տարածքի հանձնումը Ադրբեջանին, կա՛մ այստեղից կսկսվի նրանց խորքային քայքայումը։ Անցած անգամ էլ, ըստ էության, Կիրանցն էր նման մի կետ, ու ընդդիմության շարքերը սկսեցին քանդվել հենց Կիրանցում, սակայն, ցավոք, նրանք դեռ շատ են, իսկ նրանց արյան ու ուղեղի մեջ նստած ստրուկի կոդը՝ շատ խոր։

Հայաստանի Չորրորդ Հանրապետությանը իրական ու մաքուր պետականապաշտություն է հարկավոր, որը չի տրվում այս բախտախնդիր մանիպուլյացիաներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ