![]()
Ազգային ժողովում ստեղծվել է պատգամավորական Էթիկային առնչվող հարցերով ժամանակավոր հանձնաժողով։ Այն նախագահում է Մարիա Կարապետյանը։ Հանձնաժողովի գործունեության շրջանակում սահմանվել են պատգամավորական էթիկայի 8 հիմնական կանոններ, որոնց պատգամավորները պետք է հետևեն իրենց լիազորություններն իրականացնելիս։
Մարիա Կարապետյանը ներկայացրել է այդ կանոնները․
1. հարգել օրենքը և ենթարկվել օրենքին,
2. հարգել հանրության բարոյական նորմերը,
3. պահպանել ԱԺ-ի, նրա հանձնաժողովների նիստերի և խորհրդարանական լսումների անցկացման կարգը,
4. իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց շահերով,
5. չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը՝ ի շահ իրեն կամ այլ անձի,
6. իր գործունեությամբ նպաստել ԱԺ-ի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը,
7. ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ,
8. հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, ԱԺ-ում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:
Էթիկայի հանձնաժողով կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ պատգամավորի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կամ շահերի բախման իրավիճակի դեպքում սահմանված պահանջների խախտման դեպքում։ Մասնավորապես եթե քաղաքացին նկատել է, որ պատգամավորը չի պահպանել էթիկայի կանոնները կամ չի կատարել շահերի բախման դեպքում իր համար պարտադիր գործողությունները, այդ մասին կարող է դիմել Էթիկայի հանձնաժողով։
Էթիկայի հանձնաժողով կարող են դիմել նաև պատգամավորները՝ թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես պատգամավոր։
![]()