Լուրեր են տարածում, թե դիվերսիոն խումբ է եղել, սուտ է. Ադրբեջանն է ՀՀ-ին հայտնել, որ փախած մարդ կա. տեսանյութ

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը ապատեղեկատվություն և կեղծիք է համարում այն, թե Հայաստանի Հանրապետություն է ներթափանցել ոչ թե մեկ, այլ մի քանի ադրբեջանցի զինծառայող:

Վերջինս վստահեցնում է՝ սուտ լուրեր են տարածում, թե դիվերսիոն խումբ է եղել: Այս համատեքստում նա ընդգծում է այն, որ Ադրբեջանի Հանրապետությունն է Հայաստանի Հանրապետությանը հայտնել զինծառայողի փախուստի մասին:

Չախոյանը կարևորում է այն, որ երկու երկրների հատուկ ծառայությունների միջև կա համագործակցություն: Նա միաժամանակ նկատում է՝ Վրաստանի հետ ևս հնարավոր են նման դեպքեր. «Չի բացառվում, որ մի օր էլ մեր զինծառայողներից մեկը մոլորվի ու հայտնվի Ադրբեջանում: Եթե միտում լիներ, Ադրբեջանը մեզ դրա մասին չէր տեղեկացնի»:

Հարցադրմանը՝ ինչու բնակչությունը նախապես չի իրազեկվել, օրենսդիր մարմնի ներկայացուցիչն ասում է՝ այդ պարագայում հնարավոր է՝ շատ ավելի մեծ խուճապ առաջանար, և շատ ավելի վատ ավարտ ունենար այս ամենը:

Նա միաժամանակ վստահություն է հայտնում, որ եթե եղել են թերացումներ, ապա համապատասխան պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն:

Չախոյանը չի կարծում, որ այս միջադեպը կխաթարի խաղաղության գործընթացը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ադրբեջանցի այլ պաշտոնյայի հռետորաբանության ենթադրյալ փոփոխությանը, իշխող ուժի անդամը կարծիք է հայտնում.

«Այդ հայտարարությունները հիմնականում արվում են ներքին լսարանի համար»:

Անդրադառնալով Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, թե հնարավոր է՝ Հայաստանը դառնա երկրորդ Ուկրաինա, Տարոն Չախոյանը ընդգծում է. «Անմիտ հայտարարություն է, թե ՀՀ-ն կարող է դառնալ Ուկրաինա. մենք տարածքային խնդիր չունենք ՌԴ-ի հետ»:

Մեկնաբանելով գազի գնի հնարավոր թանկացման վերաբերյալ խոսակցությունները՝ զրուցակիցը ասում է. «Եթե սեղանին դրվեն գազի գինը և ինքնիշխանությունը, գազը երբեք չի կարող թանկ լինել սուվերենությունից»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ