![]()
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Լոռու մարզի Շնող գյուղում Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել:
Մեր հարցին ի պատասխան՝ ՆԳՆ-ից հաստատել են տեղեկությունը՝ հայտնելով, որ լայնածավալ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 2 հետախուզվող:
«Նրանք հետախուզվում էին մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու հատկանիշներով»,- մանրամասնել են ՆԳՆ-ից:
Փետրվարին Աջափնյակ վարչական շրջանում վիճաբանություն և կրակոցներ էին եղել, որի հետևանքով 1 հոգի զոհվել էր, 7 անձ էլ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական հաստատություններ:
Կրակոցների և վիճաբանության պատճառը կենցաղային էր եղել՝ կապված աղջկա հարցի հետ:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
![]()