![]()
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Հայ գերիները Ադրբեջանում և Եվրոպական միության ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողովը՝ նվիրված Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին։ Համաժողովը Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ հյուրընկալելեն Կիպրոսը ներկայացնող, Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցության պատգամավոր Կոստաս Մավրիդեսը և Հայաստանի հարցերով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող, Սլովենիան ներկայացնող ԵԺԿ խմբակցության պատգամավոր Միրիամ Լեքսմանը։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համաժողովի հիմնական բանախոսներն են եղել հայ գերիների շահերը միջազգային ատյաններում ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (Christian Solidarity International) կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն Ժոել Վելդկամպը, Մարդու իրավունքների միջազգային գործընկերության (IPHR) Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին, ինչպես նաև Բաքվում պահվող պատանդ, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը։
Սիրանուշ Սահակյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի՝ այն ժամանակ միջազգայնորեն չճանաչված լինելը չի կարող հիմք հանդիսանալ այսօր Բաքվում ընթացող քրեական հետապնդումները իրավաչափ համարելու համար։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը երբևէ չեն հայտարարել ԼՂ անկախությունն անվավեր և պետություններին կոչ չեն արել չճանաչել այն, ինչպես դա տեղի է ունեցել այլ հակամարտությունների դեպքում։«Տասնամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնացել է բանակցությունների առարկա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Մինսկի խմբի ներկայացուցիչները հանդիպումներ և շփումներ են ունեցել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ այն անձանցից մի քանիսի, որոնք այսօր պահվում են Բաքվում։ Այդ ժամանակ այդ կապերը չէին համարվում անօրինական կամ հանցավոր գործունեության մասնակցություն, այլ դիտարկվում էին որպես միջազգային հանրության կողմից ընդունված խաղաղ կարգավորման գործընթացի մաս»,- նշել է Սահակյանը։
Իրավապաշտպանը եզրակացրել է, որ հենց այդ պատճառով Բաքվում ընթացող դատավարությունները չեն կարող ընկալվել որպես սովորական քրեական գործեր։ Նրա գնահատմամբ՝ դրանք քաղաքական նպատակ են հետապնդում՝ շրջելու պատասխանատվության մասին պատմությունը, զոհ դարձած և տեղահանված հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացնելու որպես մեղավորներ և քրեականացնելու Լեռնային Ղարաբաղի քաղաքական գոյությունը։
Մարդու իրավունքների միջազգային գործընկերության (IPHR) ներկայացուցիչ Սիմոն Պապուաշվիլին իր ելույթում նշել է, որ եկել է ժամանակը բանաձևերից անցնելու գործնական քայլերի։ Նրա խոսքով՝ հայ գերիների ազատ արձակումը պետք է դառնա Եվրոպական միության և Ադրբեջանի միջև բոլոր շփումների հստակ ու չափելի առաջնահերթությունը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
![]()