Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում

Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերողների և ձեռներեցների բյուրոյի անդամ Անդրեյ Մելնիչենկոն The Economist-ում հեղինակային հոդված է հրապարակել, որ թարգմանաբար ներկայացրել է նաև ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն։ Բավական ծավալուն տեքստի հիմնական ասելիքը, թերևս, ձևակերպված է վերջին երկու պարբերությամբ։

Ընդհանրացնելով Արևմուտք-Ռուսաստան մրցակցության մասին դիտարկումները, հեղինակը եզրակացրել է, որ ընտրությունը «անցնում է ոչ թե Ռուսաստանի հանդեպ սիրո կամ ատելության, պատժի և ներելու, բարոյականության և քաղաքական ցինիզմի, այլ ապագայի երկու տեսակի միջև, կամ գերտերությունները կրկին դառնում են պատասխանատվության սուբյեկտ, կամ յուրաքանչյուրը ձգտում է մյուսներին վերածել կառավարման օբյեկտի»։ Հեղինակի գնահատմամբ, երկրորդ ճանապարհը «հասցրել է պատերազմի»՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական զինված հակամարտությունը։

«Մեզ պետք է այս վտանգավոր ժամանակը պատասխանատվությամբ անցնել, հեռանալ անդուդի եզրից և միայն հետո փորձել հասկանալ, թե ինչպե՞ս էինք այնտեղ հայտնվել և ինչպես նոր աշխարհ կառուցենք։ Բայց դա արդեն կլինի հաջորդ սերնդի գործը։ Մեր սերնդի դերը կայանում է նրանում, որպեսզի նրանց ինչ-որ բանի մասին խոսելու հնարավորություն տանք»։

Ռուսաստանցի գործարարը, որի համախառն կարողությունը Forbes-ը գնահատում է 25,2 միլիարդ դոլար, հայտնի է նաև որպես բարերար և «սոցիալական ներդնող»։ Նա 2023 թվականից ի վեր գտնվում է Եվրամիության պատժամիջոցների տակ։ Ըստ էության, Մելնիչենկոն արտահայտել է ռուսաստանյան բիզնես-վերնախավի դիրքորոշումը։ Իսկ այն, ինչպես հետեւում է մեջվերված վերջին պարբերությունից, Պուտինի և նրա սերնդի քաղաքական ժամանակը համարում է «սպառված» և պահանջում, որ Ռուսաստանի նախագահը «անդունդի եզրին կանգ առնի»։

Հոդվածը գրվել է արևմտյան «ընթերցողի համար», բայց կարելի է ենթադրել, որ Մելնիչենկոյի տեքստը «կրեմլյան գրաքննություն է անցել»։ Ըստ երևույթին, Վլադիմիր Պուտինին պետք է, որ «անդունդի եզրին կանգ առնելու պահանջ» հնչեցվի։ Դա, գուցե, պատերազմը կանգնեցնելու և քաղաքական նոր սերնդին Արևմուտքի հետ երկխոսության հնարավորություն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ