Չհասկացա՝ ինչու էին ուրախացել. ԵԽԽՎ զեկույցը պետք է տխրեցնի, ոչ թե ուրախացնի ընդդիմադիրներին. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի խոսքով՝ ԵԽԽՎ զեկույցով արձանագրվում է, որ Հայաստանում ընտրությունները անցել են ժողովրդավարական ստանդարտներին համապատասխան, եղել են ազատ և թափանցիկ:

«Ես չհասկացա, թե ընդդիմադիրները ինչի վրա էին ուրախացել, երևի չեն հասկացել զեկույցը, այնտեղ խոսվում է ընտրակաշառքների, արտաքին ուժերի ազդեցության մասին, սա պետք է տխրեցնի, ոչ թե ուրախացանի նրանց: Նարեկ Կարապետյանը կարող է չհասկանալ, ուրախանալ, բայց չհասկացա՝ Արամ Վարդևանյանն ինչի համար էր ոգևորվել: Երևի չի ուզեցել Կարապետյանի ոգևորությունը կոտրել, դրա համար կեղծ ժպիտով կանգնել էր հետևում»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է Ղազարյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վերափոխումը ժամանակի պահանջն է:

Նա վստահեցնում է՝ Հայաստանի իշխանությունը ճգնաժամերին դիմակայելու ուղղությամբ քայլերի պլան ունի, դիցուք, գազի գնի հնարավոր թանկացման դեպքում:

«Մենք տրամադրված ենք փոխըմբռնման մթնոլորտում քննարկել հարցերը»,- շեշտում է իշխող ուժի անդամը:

Պատգամավորը ընդգծում է՝ անկախությունն այն արժեքն է, որը որևէ կերպ սակարկման ենթակա չէ:

«Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ տեր ու ծառա հոգեբանության մեջ է ապրել, դրա համար չի ընկալում, որ մենք պետություն ենք: Հոգեբանորեն չի կարողանում հասկանալ, որ անկախ պետություն ենք»,- նկատում է նա:

Անդրադառնալով եկեղեցու շուրջ ծառացած ճգնաժամին՝ վերջինս ասում է. «Զեկույցը շոկային էր ինձ համար: Եկեղեցին փրկելու համար այն պետք է ազատել կտրիճներսիսյաններից: Եկեղեցին Կտրիճ Ներսիսյանը չէ: Եկեղեցին ունի բարեփոխման կարիք»:

Ալխաս Ղազարյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ