Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

Սկսվում է նոր շարժում՝ օլիգարխների պաշտպանության շարժում՝ ՕՊՇ։ Ե՛վ կատակ է, և՛ հեգնանք։

Մի տեսակ սյուր է հնչում, երբ ասում ենք՝ օլիգարխները պաշտպանության կարիք ունեն. սովորաբար միշտ հակառակն է եղել։ Բայց եթե լուրջ մոտենանք հարցին, ապա, այո, լինում են նման դեպքեր, լինում է, երբ պետությունը ոտքի է կանգնում, երբ արդարադատությունը իրական է դառնում, երբ ժողովրդավարությունը հաղթարշավում է։

Պատմության մեջ եղել են դատավորների ու օլիգարխների բախումներ, անգամ օլիգարխների ու պետության պատերազմներ են եղել։ 1835թ.-ին ԱՄՆ նախագահ Էնդրյու Ջեքսոնի դեմ մահափորձ պատվիրեց օլիգարխ Նիկոլաս Բիդլը։ Բարեբախտաբար, նախագահը փրկվեց, սակայն նույն բախտին չարժանացավ, օրինակ, ԱՄՆ նախագահ Ուիլյամ Մաք-Քինլին, որին օլիգարխիան սպանեց 1901թ.-ին։

Այս շարքը կարճ չէ, սակայն բոլոր դեպքերում մի բան հստակ է. պետությունը ամուր կանգնել է ոտքերի վրա և վայրի կապիտալիստներին պատերազմ հայտարարել։ Այդ պատերազմում, ի վերջո, պետությունն է հաղթում և միշտ։ Կարևորը, որ այդ կետը անցնես ու սկսես այդ պատերազմը, իսկ զինվորներդ ինքնիրեն կհավաքվեն։

Մեզնում բոլորը գիտեն, որ Թավշյա հեղափոխությունից հետո մեր օլիգարխիան, որ մեր երկրի ու ժողովրդի հետ վարվել է ամենադաժան կոնկեստադորներից էլ վատ, ստացավ ներման հնարավորություն։ Այո, այո, ներման, սակայն ոչ ինդուլգենցիայի։ Այդ ներումը մի միտք ու նպատակ ուներ, որ նրանք դադարեն իրենց նախկին կենսակերպը, կուտակած գումարները դնեն օրինական բիզնեսի մեջ, վճարեն հարկերը և ապրեն հանգիստ։ Դա էլ է բնական. կապիտալի նախնական կուտակման օրենք կա քաղաքագիտության մեջ։

Իհարկե, մեծ մասը, ճիշտ հասկանալով պահի լրջությունը, այդպես էլ արեց, սակայն եղան մի քանի օդիոզ դեմքեր, որոնք այդքան էլ չհամակերպվեցին իրենց նվազած դերի հետ։ Դրանց պարագլուխներից է նաև գլխավոր կոնկեստադոր, ՀՀ նախագահի շապիկը գողացած Ռոբերտ Քոչարյանը, սակայն նրա պատմությունը մի փոքր այլ է։

ՀՀ նախագահի շապիկը իրականում շատ բան է փոխում, բայց իրավիճակի էությունը չի փոխվում դրանից։

Այս շարքում առանձին տեղ ունեն «ամենախելացին», «ամենասպորտսմենը» և «ամենաբարերարը» (ականջդ կանչի Լեոնիդ Գայդայ)։ Թվում էր՝ այս պերսոնան պետք է ամենաերջանիկներից լիներ, որ գիծ է քաշվել իր անցյալի ու ներկայի միջև, ու կարծես պետք է աշխատեր հանգիստ և վայելեր իր կյանքը, սակայն այդպես չվարվեց: Այսպիսի մարդիկ միշտ էլ սահմաններ չեն ճանաչում, հեշտ չեն փոխում իրենց կենսակերպը։

Նախ այս «ամենասպորտսմենը» չհասկացավ, որ այլևս ախրանաներով չի կարելի շրջել, պետք է ապրել սովորական մարդու նման, հետո չհասկացավ, որ իրենց անպատիժ որդիների դարաշրջանն անցել է, և նրանք պետք է ապրեն բոլորի նման։ Հետևանքները բոլորին են հայտնի՝ տարբեր կրակոցներ ու փախուստներ։ Եվ ամենակարևորը չհասկացավ, որ այլևս քաղաքականությամբ չպիտի զբաղվի. ամենից շատ հենց այդ ժամանակներն են անցել։ Իհարկե, այս ամենագլխավոր հարցը մի քանի շերտեր ունի. բոլորն էլ հասկանում են՝ այսպիսի մարդիկ իրենք չեն որոշում՝ քաղաքականությամբ զբաղվե՞լ, թե՞ ոչ։

Եթե պետությունը, ժողովրդավարական իշխանությունը նրանց ներում են ու չեն պահում գերության մեջ, ապա նրանց մութ անցյալը պահում է այդ գերության հնարավորությունը։ Պատմությանը նման դեպքեր էլ են հայտնի, երբ օլիգարխները փորձել են ազատվել իրենց պահարանի դիակներից ու ապրել ազատ որպես օրինապահ հարկատուներ, սակայն այդ պահարանի պարունակությունը հետապնդել է նրանց մինչև գերեզման։

Բենջամին Բագսի Սիգելը դիակների վրայով անցավ, կուտակեց միլիոններ, հետո մտավ օրինական դաշտ, Լաս Վեգասում կառուցեց «Ֆլամինգո» հյուրանոց-խաղատունը, սակայն Մեյեր Լանսկին և Լակի Լուչիանոն վերջ տվեցին վերջինիս։

Նույն կերպ ամենադաժան մարդասպաններից մեկը՝ Ալբերտ Անաստազիան, փորձեց դառնալ օրինական բիզնեսմեն, մեծ ներդրումներ կատարեց օրինական բիզնեսներում, սակայն Մայեր Լանսկին և Վիտո Ջենովեզեն նրան սպանեցին։ Այս ցանկը երկար է՝ Պոլ Կաստելանո, Մայքլ Ֆրանցեզե և այլք։

Հիմա կասեք՝ ինչ կապ ունեն այս մարդիկ մեր «Կովկասյան գերուհու», է՜, կներեք, «Կովկասյան առյուծի» հետ։ Իսկ մենք կասենք, որ հայ ազգը այդքան էլ ամնեզիայով չի տառապում։ Վայրի 90-ականներից Կոտայքի գարեջրային գործարանից սկսած՝ ավտոբուսների գծերով ու այլ տարածքներով վերջացրած, խլոցիներն ու գողությունները ոչ մեկը չի մոռացել։

Հին աբովյանցիները մոտավորապես մի հիսուն միջին ու խոշոր բիզնեսի անուն կտան, որը խլել է պարոն սպորտսմենը։ Հարյուրավոր մարդիկ են եղել, որ իր տանը կամ որևէ բիզնես կենտրոնում գործ են արել ու գումար չեն ստացել, իսկ եթե մի քիչ համարձակ ու պահանջատեր են եղել, ապա հայտնվել են այդ նույն առյուծների վանդակում։ Այո, այո, այն առյուծների, որոնցից մեկի անկման համար քիչ է մնում՝ քաղաքական ակցիա անեն ոմանք։

Դե հա, ինչ-որ մարդկանց համար սրանք հեքիաթներ են, սակայն ոչ բոլորի։ Տարիներ առաջ, երբ պարոն սպորտսմենը կարտոֆիլ էր ցանում, «վարի» էր տալիս փոքր հողագործների եկամուտը, իսկ փչացած կարտոֆիլի յուրացման համար բանակի սննդակարգի նորմերն էին փոխում, որ զորքը միայն իր կարտոֆիլը ուտի, այն ժամանակ ոչ մեկը չէր կարող խոսել այդ մասին։ Երբ պարոն որսորդը պետական ուղղաթիռներով որսի էր գնում ու վերևից գնդակահարում տասնյակ կենդանիների, այդ ժամանակ ոչ մեկը այդ մասին ոչինչ չէր գրում, սակայն շատերը այդ ամենը տեսել են իրենց աչքերով։

Այստեղ շատ երկար կարելի է գրել նրա հանցանքների ու ապօրինությունների մասին, սակայն կասենք կարճ։ Այս «ամենասպորտսմենը» դարձավ իր իսկ պահարանի դիակների զոհը և իր քաղաքական հայրերին դաս տալու նատյուրմորտի բնորդը։ Դա բնական ճակատագիր է նրանց համար, ովքեր չեն հասկանում, որ ՀՀ-ն գուբերնիայից պետություն է դառնում։

Այո, օլիգարխի տեսակը վերանում է, և այստեղ լալահառաչ երեքմանեթանոցների ողբը ուղղակի ծիծաղելի է։ Եվ որքան էլ իր քաղաքական հայրերը ջղաձգվեն, ՀՀ օրինական իշխանությունների հետ կռիվ տան, խոսեն վերջիններիս «թուրքացումից» ու այլ քայլերից, միևնույն է, սա ընդամենը ՀՀ ինքնիշխանության մարմնից տզրուկներին պոկելու ցցուն գործողություն է, ուրիշ ոչինչ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ