![]()
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունն ուզում է վերականգնել իր իմպերիալիստական մոտեցումները, և այդ հարցում Հայաստանի ընդդիմությունը գործիք է նրա ձեռքին:
Վերջինս ասում է՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՌԴ-ն կիրառել է սանկցիաներ Հայաստանի նկատմամբ և այդ առումով օգտակար է եղել որոշ քաղաքական ուժերի:
Բաղդասարյանը նկատում է՝ ՌԴ-ն ուզում է ունենալ իր օրակարգը սպասարկող ուժ, և այդ ուժը «Քաղաքացիական պայմանագիր»-ը չէ: Իշխող ուժի անդամը հիշեցնում է, որ այս նպատակով ՀՀ քաղաքացիների հարազատների վրա ՌԴ-ում ճնշում են բանեցրել, որպեսզի գնան և ձայն տան «Ուժեղ Հայաստան»-ին կամ «Հայաստան» դաշինքին:
Պատգամավորը կարծում է, որ խորհրդարանական ընդդիմությունը ռուսական պրոքսի է: Ըստ նրա՝ նրանք սպասարկում են բացառապես ռուսական շահը:
Ինչ վերաբերում է գազի գնի թանկացման հետ կապված քննարկումներին, Բաղդասարյանը ընդգծում է. «Գազը կթանկանա՝ կթանկանա, ինչպես ասում են՝ չի լինի՝ չի լինի. պետք չէ ամեն ինչ ուռճացնել և ապոկալիպտիկ ներկայացնել»:
Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության վերաբերյալ քննարկումներին և ընդդիմության պնդումներին, թե դա ադրբեջանական օրակարգ է, վերջինս ընդգծում է. «Որքան է Ադրբեջանը վճարել «Ուժեղ Հայաստան»-ին 300 հազար ադրբեջանցիների թեզը առաջ մղելու համար: Սահմանադրության փոփոխությունը ադրբեջանական է համարում մի ուժ, որն իր քարոզարշավի հիմնական մասը կառուցել է ադրբեջանական կեղծ թեզեր տարածելով»:
Բաղդասարյանը նաև չի հասկանում, թե ինչպես են քաղաքացիները խաբել Սամվել Կարապետյանին. «Կարո՞ղ է ավելի շատ գումար էին բաժանել, քան ձայն են ստացել»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()