![]()
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ շնորհավորել է Դոնալդ Թրամփին և շնորհակալություն հայտնել Հարավային Կովկասում՝ մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու համար:
«Մենք մեր խորը գնահատանքն ենք հայտնում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը առաջ մղելու և տարածաշրջանում կայուն զարգացումը խթանելու Ձեր վճռական ջանքերի համար: Անցյալ տարի օգոստոսի 8-ին Ձեր նախաձեռնությամբ Սպիտակ տանը կայացած պատմական եռակողմ հանդիպման արդյունքները մեր տարածաշրջանում ստեղծել են բոլորովին նոր և դրական մթնոլորտ: Այսօր Ադրբեջանն ու Հայաստանն ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևն ընդգծել է ԱՄՆ-ի դերն ու շարունակական աջակցությունը տարածաշրջանային կայունությանը և տնտեսական զարգացմանը նպաստող ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, մասնավորապես՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որը կապահովի Ասիայի և Եվրոպայի միջև այլընտրանքային, հուսալի և անվտանգ կապ:
![]()