Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 3-ին Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել վերջինիս Իրանի համար դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած աջակցության և համերաշխության համար։

Ըստ իրանական Mehr գործակալության, Փեզեշքիանը ընդգծել է, որ Թեհրանի և Երևանի միջև ավելի ամուր հարաբերությունները օգտակար կլինեն երկու ազգերի համար։

Մասուդ Փեզեշքիանը Հայաստան-Իրան հարաբերությունները բնութագրել է որպես փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա հիմնված՝ հավելելով, որ երկու երկրները մշտապես ընդլայնել են կառուցողական համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին վերջին հակամարտության ընթացքում ցուցաբերած համագործակցության համար և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունները շուտով կավարտվեն։

«Համաձայնագիրը կարող է նոր հնարավորություններ բացել համագործակցության համար՝ միաժամանակ ամրապնդելով մաքսային, տրանսպորտային, տարանցիկ, առևտրային և տնտեսական փոխանակումները։ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից և առաջնորդվեն երկու երկրների անկախ կամքով։

Տարածաշրջանայինից դուրս ուժերի առկայությունը հաճախ բարդացրել է տարածաշրջանային մարտահրավերները, այլ ոչ թե լուծել դրանք»,-իրանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ասել է Իրանի նախագահը։

Նա նաև վերահաստատել է Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքները՝ բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և վերահաստատել Թեհրանի նախընտրությունը՝ վեճերը լուծել երկխոսության և դիվանագիտության միջոցով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ