Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ

 

Թուրքիան ուժեղացրել է անվտանգության միջոցառումները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ Politico-ն հաղորդում է, որ միջոցառմանը նախապատրաստվելիս Անկարան արգելել է զանգվածային հավաքույթները, քննությունները, մամուլի ասուլիսները և պաստառների ցուցադրումը։

Միաժամանակ, հուլիսի 7-8-ը Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ շարունակվում են քաղաքական գործիչների, քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների անդամների զանգվածային ձերբակալությունները։

Թուրքական Haber Global պորտալի փոխանցմամբ՝ Անկարան ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովից առաջ ուժեղացված անվտանգության միջոցառումներ է ձեռնարկել։

Արգելվում է խմբով հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել

Մանրամասնելով, նշվում է, որ հունիսի 28-ից հուլիսի 10-ը Թուրքիայի մայրաքաղաքում արգելվելու են հավաքները, ցույցերը, մամուլի ասուլիսները, հանրահավաքները, տաղավարների, վրանների տեղադրումը, թռուցիկների և պաստառների տարածումը։ Ավելին, արգելքը կվերաբերի նաև անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ օդից նկարահանող դրոնների շահագործմանը՝ առանց կառավարության թույլտվության։

Անկարայի նահանգապետարանի տվյալներով՝ անվտանգության միջոցառումները կուժեղացվեն գագաթնաժողովի գոտիներում, պատվիրակությունների տեղավորման գոտիներում և տարանցիկ երթուղիներում։ Այդ գոտիներ չարտոնված մուտքը նույնպես արգելվելու է։

Ոչ իշխանական կազմակերպության անդամ են, ուրեմն՝ ահաբեկիչ են

Haber Global-ի փոխանցմամբ՝ միջոցառման նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ Թուրքիայում իրականացվել է հակաահաբեկչական խոշոր գործողություն։

Իշխանությունները հայտնում են, որ դատարանը ձերբակալման օրդեր է տվել ահաբեկչական կազմակերպություններին մասնակցելու մեջ կասկածվող 241 անձի համար։ Վերջին տվյալները ցույց են տալիս, որ արդեն իսկ ձերբակալվել է նշվածից ավելի շատ մարդ։

Ձերբակալվածների թվում են 30 կասկածյալ ԻՊ-ի («Իսլամական պետություն»), ձախակողմյան արմատական DHKP-C կազմակերպության 23 կողմնակից, արգելված կոմունիստական TKP/ML խմբավորման 22 անդամ և Թուրքիայում արգելված այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այսպես է հայտարարվել պաշտոնապես, սակայն ոչ պաշտոնապես տարբեր աղյուրներ հայտնել են, թե ձերբակալվածների մեծ մասը կապ չունի նման կազմակերպությունների հետ, պարզապես նրանք ոչ իշխանական շրջանակներից են ու «սև ցուցակներում» հայտնված անձինք:

Գործողությունները համակարգվել են դատախազության կողմից՝ ոստիկանության մասնակցությամբ: Մնացած կասկածյալների որոնումները շարունակվում են:

Արգելված է նաև ԶԼՄ-ների աշխատանքը

Ակտիվիստները պահանջում են, որ ՆԱՏՕ-ն և կառույցի առանձին երկրները բացատրեն, թե ինչու լրագրողներին մերժվել է մուտք գործել դաշինքի առաջնորդների հանդիպմանը։

Թուրքիայի իշխանությունները հարյուրավոր ձերբակալություններ են իրականացրել, սահմանափակել են լրատվամիջոցների ազատությունը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին։ Մարդու իրավունքների պաշտպանները մեղադրում են կառավարությանը միջոցառումը որպես պատրվակ օգտագործելու մեջ՝ քաղաքացիական հասարակության նկատմամբ վերահսկողությունը խստացնելու համար։

Ընթացիկ շաբաթվա ընթացքում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 225 մարդու, այդ թվում՝ գիտնականների, ուսուցիչների և ակտիվիստների՝ ծայրահեղական խմբավորումների հետ կապերի կասկածանքով։ Ձերբակալվածների թվում են նաև տարեցներ, բնապահպան-ակտիվիստներ։

Մայրաքաղաքում կարգուկանոն պահպանելու համար տեղակայվել է 40 հազար ոստիկան։ Միևնույն ժամանակ, ըստ լրագրող և Միջազգային մամուլի ինստիտուտի (IPI) ազգային կոմիտեի անդամ Ուրազ Կասպարի, «տասնյակ» անկախ թուրք լրագրողների մերժվել է հուլիսի 7-8-ը նախատեսված առաջնորդների գագաթնաժողովի հավատարմագրումը՝ առանց բացատրության։

Հավատարմագրումը մերժվածների թվում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատող հրատարակությունների աշխատակիցներ։

Մեղադրանքներ ու արդարացումներ

Հունիսի 25-ին ՆԱՏՕ-ի խոսնակ Ալիսոն Հարթը հայտարարել է, որ դաշինքը «հիմնվում է ընդունող երկրի ոչոշման վրա՝ իրենց երկրից լրագրողներին հավատարմագրելու հարցում»։ Նա հավելել է, որ դաշինքը «կապի մեջ է թուրքական իշխանությունների հետ այս հարցի շուրջ» և ընդգծել, որ ՆԱՏՕ-ի համար կարևոր է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունենան անձամբ լուսաբանել խոշոր իրադարձությունները։

Այնուամենայնիվ, ակտիվիստները մեղադրում են դաշինքին պատասխանատվությունից խուսափելու մեջ։

Հունիսի 26-ին Միջազգային մամուլի ինստիտուտը՝ IPI-ն, մամուլի ազատության պաշտպանության 14 կազմակերպությունների հետ միասին, նամակ է հղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեին՝ կոչ անելով վերանայել հավատարմագրման որոշումները։

«Եթե ընդունող կառավարությունները կարող են արդյունավետորեն արգելել լրագրողներին մասնակցել միջազգային միջոցառումներին, դա պետք է հրապարակայնորեն հայտարարվի», — նշել են լրագրողները, որոնց հավատարմագրումը մերժվել է։ Նրանք անհասկանալի ու անտրամաբանական են որակել որոշումները, ըստ որոնց, մի լրատվամիջոցի աշխատակից կարող է տեղում աշխատել, մյուսը՝ ոչ:

«Լրագրողների անբացատրելի բացառումը սահմանափակում է մամուլի ազատությունը և, վերջին հաշվով, խախտում է հանրության իրավունքը՝ ստանալ անկախ տեղեկատվություն ՆԱՏՕ-ի աշխատանքի մասին»,- ասվում է բողոքում:

Human Rights Watch-ի եվրոպական բաժնի փոխտնօրեն Բեն Ուորդը հայտարարել է. «ՆԱՏՕ-ի պաշտոնյաները պետք է հստակ ասեն, որ դաշինքը, որը դավանում է ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ընդհանուր արժեքները, չի կարող հանդուրժել թուրքական իշխանությունների խիստ բռնաճնշողական մոտեցումը գագաթնաժողովի նախապատրաստման շրջանում»։

ՆԱՏՕ-ում ոչ միանշանակ են արձագանքել թուրքական կողմի որոշումներին

Թուրքիայի միջոցառումները նաև անհարմարություն են առաջացնում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունում։

«Գագաթնաժողովը չպետք է ծառայի որպես պատրվակ լարվածությունը խստացնելու համար», — POLITICO-ին ասել է ՆԱՏՕ-ի դիվանագետներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

«Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին և պարբերաբար բարձրացնում ենք այս հարցերը մեր երկկողմ շփումներում», — ավելացրել է ՆԱՏՕ-ի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ նույնպես խնդրելով չհրապարակել իր անունը։

Քննադատությանը ի պատասխան՝ դաշինքը կապ է հաստատել թուրք պաշտոնյաների հետ՝ վերանայելու հավատարմագրված անձանց ցուցակը, ըստ իրավիճակին ծանոթ աղբյուրի։

«Այս անգամ գագաթնաժողովը հյուրընկալում է ավտորիտար պետություն, և լրատվամիջոցների հավատարմագրումը տրամադրվում է կամայականորեն։ Ավելի քան 200 մարդ ձերբակալվել է ենթադրյալ «կանխարգելիչ» գործողության ընթացքում», — սոցիալական ցանցերում գրել է Թուրքիայի հարցերով Եվրախորհրդարանի առաջատար պատգամավոր Նաչո Սանչես Ամորը։

Թուրքիայի կառավարությունը չի արձագանքել POLITICO-ի՝ պաշտոնական մեկնաբանության խնդրանքին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ