Ինչպես է պետությունը բաշխելու կրթաթոշակային տեղերը․ կարևոր փոփոխություն ՄԿՈՒ համակարգում

ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի որոշմամբ հաստատվել է «Պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների հատկացնելու կարգը հաստատելու մասին» որոշումը։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, որոշման ընդունման համաձայն ՀՀ կառավարությունը պետք է հաստատի պետական և հանրային ՄՈՒՀ-երի՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ ՄՈՒՀ-երի հատկացնելու կարգը։

Ներկայումս գործող կարգավորումները հիմնականում սահմանում են յուրաքանչյուր ուսումնական տարվա համար կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և դրանք ըստ ՄՈՒՀ-երի բաշխման ընթացակարգերը։ Այնուամենայնիվ, սույն ենթաօրենսդրական ակտի ընդունումը հնարավորություն կտա ներդնել կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև դրանց բաշխման առավել համակարգված, թափանցիկ և տվյալահեն մեխանիզմ:

Նախագծով առաջարկվող կարգավորումները կապահովեն պետական պատվերի ձևավորման գործընթացի առավել արդյունավետ համապատասխանեցումը աշխատաշուկայի ներկա և կանխատեսվող պահանջներին, տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություններին, ինչպես նաև պետության և տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններին:

Ընդունելության տեղերի ձևավորման և բաշխման գործընթացի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի 1-ը կհավաքագրի և կամփոփի տարբեր պետական մարմինների, ոլորտային կառույցների և շահագրգիռ կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկատվությունը, այդ թվում՝

1.Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից՝ ռազմավարություններով պլանավորված տնտեսության զարգացման առաջիկա 3 տարիների գերակա ոլորտների վերաբերյալ,

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ https://e-work.am/ հարթակում առկա թափուր աշխատատեղերի վերլուծության հիման վրա պահանջված մասնագիտությունների ցանկ։ Միասնական սոցաիալական ծառայության գրասենյակի զբաղվածության գործակալությունից պահանջված որակավորումների (մասնագիտությունների) ցանկ,

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ առողջապահական կազմակերպությունների կադրային ապահովվածության, առկա թափուր հաստիքների, ինչպես նաև առաջիկա 3 տարիների ընթացքում ոլորտում կանխատեսվող մասնագիտական կադրերի պահանջարկի վերաբերյալ տեղեկատվություն,

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից՝ վերջին 3 տարիներին ամենաշատ աշխատանքի ընդունված որակավորումների (մասնագիտությունների) ցանկ,

5. ՀՀ մարզպետարաններից՝ ելնելով տվյալ մարզի առանձնահատկություններից, ինչպես նաև մարզի շուկայի պահանջներից մարզում պահանջարկ ունեցող որակավորումների (մասնագիտությունների) ցանկ,

6. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից՝ տնային տնտեսությունների վերաբերյալ անցկացված հետազոտության հիման վրա առաջարկվող որակավորումների (մասնագիտություւնների) ցանկ,

7. Կրթության կառավարման տեղեկատվական համակարգից՝ «edu2work» հարթակում գործատուների կողմից լրացված հայտարարությունների հիման վրա պահանջարկ ունեցող որակավորումների (մասնագիտությունների) ցանկ,

8. Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային խորհրդի կողմից ներկայացված որակավորումների (մասնագիտությունների) ցանկ,

9. Մասնագիտական ուսումնական հաստատությունների կարիերայի կենտրոններից՝ գործատուների հետ համատեղ քննարկման և վերլուծության արդյունքում՝ ըստ որակավորումների (մասնագիտությունների) աշխատանքի տեղավորված ուսանողների վերաբերյալ տեղեկատվություն,

10. Գործատուների միավորումներից, ոլորտային կառույցներից և ոլորտային արհեստակցական միություններից՝ աշխատաշուկայի կարիքների և ոլորտային որակավորումների ցանկը, հիմք ընդունելով համագործակցության հուշագրի առկայությունը:

Բացի այդ, սույն ենթաօրենսդրական ակտի ընդունումն ուղղակիորեն բխում է օրենքի պահանջներից և նախատեսված է ««Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 10-ի N 914-Ա որոշման հավելվածի 9-րդ կետով՝ համաձայն օրենքի 38-րդ հոդվածի 6-րդ մասի։

Ի՞նչ է սահմանում նախագիծը

Նախագիծը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն) հատկացնելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

Ներկայումս կրթության ոլորտում ամենից շատ քննարկվող հիմնահարցերից է, թե որքանով են հաշվի առնվում աշխատաշուկայի պահանջները մասնագետներ պատրաստելիս: Սոցիալ-տնտեսական զարգացմամբ պայմանավորված մի շարք մասնագիտություններ կորցնում են արդիականությունը, առաջանում են նոր մասնագիտություններ:

Գերակա նպատակ ունենալով ժամանակի պահանջներին և չափանիշներին համապատասխան մասնագետներ պատրաստելը՝ վերջին տարիներին հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմամբ պայմանավորված մի շարք նոր մասնագիտությունների պահանջարկի մեծացումը, կատարված ուսումնասիրությունները, ՄԿՈւ հաստատություններում ուսուցանվող մասնագիտությունները ՀՀ մարզային առանձնահատկություններին համապատասխանեցնելու, մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու հանգամանքները ընդգծում են ՄԿՈՒ ուսումնական հաստատություններում աշխատաշուկայում պահանջվող մասնագիտությունների գծով ուսուցման կազմակերպումը, ինչը հնարավորություն է ստեղծում մասնագիտական կրթությունը և ուսուցումը դարձնել առավել գրավիչ և համահունչ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման միտումներին և ժամանակակից զարգացումներին՝ կանոնակարգելով ՄԿՈՒ հաստատություններում տրամադրվող կրթական ծառայությունների մատուցումը, կրթաթոշակով պայմանավորված ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը՝ ըստ ՀՀ մարզերի զարգացման համար առաջնահերթ և աշխատաշուկայում առավել պահանջարկված ոլորտների՝ նպաստելով նաև շրջանավարտների զբաղվածությանը, պետական միջոցների նպատակային բաշխմանը:

«Պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների հատկացնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը միտված է մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի արդյունավետության բարձրացմանը, պետական միջոցների նպատակային բաշխմանը:

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Կարգի կիրարկումը կհանգեցնի կրթաթոշակային տեղերի համաչափ բաշխմանը, մի կողմից կկարգավորի որոշ մասնագիտությունների գերհագեցվածությունը, մյուս կողմից այլ՝ պահանջարկ ունեցող մասնագիտությունների սակավ զարգացման հնարավորությունները: Ակնկալվում է, որ կարգի կիրարկումը կնպաստի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի կայուն զարգացմանը, պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը, կապահովի պետական քաղաքականության համապատասխանեցումը աշխատաշուկայի իրական պահանջներին:

Մասնագիտությունների ցանկերի վերանայումը՝ տարածաշրջանային և ոլորտային զարգացմանը համապատասխան, կնպաստի աշխատաշուկայում պահանջարկ չվայելող մասնագիտությունների բաժինների փակմանը և պետության, ՀՀ մարզերի զարգացման համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող, ինչպես նաև աշխատաշուկայում առավել պահանջարկված ոլորտների գծով նոր մասնագիտությունների ընդգրկմանը ցանկերում, մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի մասնագիտությունների արդիականացմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ