Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ

Հունիսի 27-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը, որը մեկ հարկի տակ է համախմբել շուրջ 45 կնոջ՝ տարբեր տարիքային խմբերից։

«Մասնակիցներին ողջունեց «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը՝ Աննա Հակոբյանի անունից ներկայացնելով շարժման ստեղծման պատմությունը, «Կրթվելը նորաձև է» շարժման գաղափարախոսությունն ու աջակից ծրագրի շրջանակում մինչ օրս իրականացված նախագծերն ու գրանցած հաջողությունները։

Այնուհետև ներկաներին ներկայացան ակումբում գործող անգլերենի, համակարգչային գրագիտության և յոգայի դասընթացների դասավանդողները՝ պատմելով ծրագրերի բովանդակության և առաջիկա պարապմունքների մասին։ Հանդիպման ավարտին տեղի ունեցավ նաև յոգայի կարճ փորձնական դաս, որը մեծ հետաքրքրությամբ ընդունվեց մասնակիցների կողմից։

Միջոցառման ընթացքում բազմաթիվ կանայք տեղում գրանցվեցին խմբակներին, իսկ շատերը նշեցին, որ ծրագրի մասին անպայման կտեղեկացնեն նաև իրենց քույրերին, հարևանուհիներին և ընկերուհիներին։ Ուրախ ենք տեսնել, որ կանանց ակումբներն իրականում ծառայում են իրենց նպատակին՝ համայնքների կանանց համար ստեղծելով կրթվելու, զարգանալու և որակյալ, ուսուցողական ժամանց ունենալու հնարավորություն՝ առօրյա հոգսերին զուգահեռ։

Հիշեցնենք, որ «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց ակումբներն արդեն գործում են Արարատի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում՝ միավորելով ընդհանուր առմամբ 259 կնոջ»,- ասվում է հիմնադրամի հրապարակած հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ