![]()
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Դմիտրի Մեդվեդևը, որը վերջին շրջանում Հայաստանի հասցեին որևէ դրական գնահատական չի հնչեցրել ու խոսել է միայն քննադատջությունների լեզվով, հիմա էլ հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությունը, իբր, «սկսել է ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնաճնշումների նոր փուլ», որոնք անցանկալի են համարվում։
Այսպես Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Եդինայա Ռոսիա»-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից իրականացվող հետապնդումները, որոնք նորություն չեն և քրեական տարատեսակ վարույթների մասին հայտնի է եղել դեռ նախընտրական քարոզարշավից շատ առաջ:
«Մենք չենք կարող անտարբեր մնալ մեր եղբայրական Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից։ Վերջերս հանրապետական մամուլում հաղորդվել է, որ երկրի գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ Ազգային ժողովի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և առաջնորդին, որի հետ «Եդինայա Ռոսիա»-ն համագործակցության համաձայնագիր է կնքել, անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։
Մենք այս քայլը դիտարկում ենք որպես իշխող վերնախավի համար անհարմար ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնաճնշումների նոր փուլ», — ասել է Մեդվեդևը՝ ըստ «Եդինայա Ռոսիա»-ի մամուլի ծառայության։
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ:
Հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը):
Լրատվամիջոցներում ավելի վաղ լուսանկարներ էին տարածվել «Զվարթնոց» օդանավակայանից: Հրապարակումների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունիսի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանից փորձել էր լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չէին տվել։
Նաև հայտնել էինք, որ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում։ Նրան մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու հոդվածով։
Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն ստանալու վերաբերյալ։
![]()