Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ։

Կապալառուի հետ պայմանագրի կնքմանը նախորդել է տարիների դժվարին աշխատանք՝ նախագծման, փորձաքննությունների, գնումների և այլն։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ նշելով, որ այս հսկայածավալ աշխատանքը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մեծ թիմի համատեղ մասնագիտական գործունեության արդյունք է։

«Յուրաքանչյուրի ներդրումը, սրտացավությունը և մասնագիտական մոտեցումը անգնահատելի են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադիի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Սյունիքում մասնակցել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկի միջոցառմանը։

Քաջարանի թունելի կառուցումը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու փուլերից մեկն է, որը հնարավորություն կտա ամբողջությամբ գործարկել Հյուսիս-հարավի առաջնահերթ համարվող հարավային հատվածի մեծ մասը։

Քաջարանի թունելի կառուցմամբ ներկայում գործող երթուղին կկրճատվի մոտ 14 կմ-ով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կհասնի 80 կմ/ժ-ի, մոտ 40 րոպեով կկրճատվի երթեւեկության ժամանակը։

Թունելի միջոցով կշրջանցվի ծովի մակերեւույթից 2535 մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքը, ինչը զգալիորեն կբարձրացնի ճանապարհային անվտանգության մակարդակը, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծի խուսափել ձմռանը Մեղրու լեռնանցքի անցանելիության ապահովման հետ կապված դժվարություններից։

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրն իրականացվելու է Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից հատկացված 200 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցներով եւ շուրջ 195 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 6 տարվա ընթացքում:

Ծրագրի շրջանակներում կկառուցվի ոչ միայն Քաջարանի թունելը՝ 7,2 կմ ընդհանուր երկարությամբ, այլեւ շուրջ 4 կմ մոտեցնող ճանապարհներ:

Թունելի ներսում կառուցվելիք ճանապարհը կունենա երկու երթեւեկելի գոտի եւ մայթեր՝ 10.6 մետր ընդհանուր լայնությամբ։

Տրանսպորտային միջոցների արտակարգ կանգառներն ապահովելու նպատակով յուրաքանչյուր 250 մետրը մեկ նախատեսվում է թունելի երթեւեկելի գոտու լրացուցիչ 3 մետր խորությամբ լայնացում։ Արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման նպատակով թունելի տակ կկառուցվի նաեւ ելք։

Քաջարանի թունելի եւ մոտեցնող ճանապարհների կառուցման համար պայմանագիր է կնքվելու իրանական «Աբատ Ռահան Պարս Ինթերնեյշնլ Գրուպ» եւ «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության հետ։

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ