![]()
Երևան քաղաքում որմնանկարներ կամ գրաֆիտի իրականացնելու համար անհրաժեշտ կլինի գրավոր դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետին կամ վարչական շրջանի ղեկավարին։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ դիմումին կից պետք է ներկայացվի նախագծի մանրամասն էսքիզային առաջարկը և դրա նպատակն ու բովանդակությունը։
«Եթե նախագիծը նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան շենքի վրա, անհրաժեշտ է նաև ներկայացնել շենքի սեփականատիրոջ, համատիրության նախագահի կամ տվյալ շենքի բնակիչների կողմից ստորագրված համաձայնությունը կամ թույլտվությունը»,– նշված է որոշման մեջ։
Ինչ վերաբերում է ՀՈԱԿ–ների և ՊՈԱԿ–ների շենքերի կամ տարածքներին, ապա այս դեպքում կպահանջվի հիմնադրի գրավոր համաձայնությունը։
Առանց համապատասխան թույլտվությունների իրականացված որմնանկարները կամ գրաֆիտիները մաքրման ենթակա կլինեն դրանք իրականացնողի, վարչական շրջանի կամ համատիրության կողմից։
Երևանի քաղաքապետարանից զգուշացնում են` եթե իրականացնողն առարկում է մաքրման պահանջին, ապա հարցը կարող է լուծվել դատական կարգով՝ պատճառված վնասի փոխհատուցման կամ իրականացված որմնանկարի/գրաֆիտիի մաքրման պարտավորությունը սահմանելու միջոցով։
![]()