![]()
Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել նախագիծ, որով նախատեսվում է շարքային կազմի պարտադիր համալրման ամառային զորակոչից տարկետում տրամադրել մի շարք անձանց։ Iravaban.net-ը տեղեկանում է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակից։
«Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անընդհատությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածով հաստատված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի և պայմանների (այսուհետ՝ կարգ) համաձայն քաղաքացուն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացմամբ:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ կարգով սահմանված նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները:
Կարգի 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերի համաձայն՝ բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումներ են համարվում ՝
քաղաքացու ստացած մրցանակները (ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ) դպրոցականների՝ կարգով սահմանված առարկայական միջազգային օլիմպիադաներում՝
քաղաքացու կողմից հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայ ժողովրդի պատմություն առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաներում 1-ին տեղը գրաված լինելու հանգամանքը:
Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների նշանակալի նվաճում է համարվում ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (մագիստրատուրայի համար՝ բակալավրի, իսկ ասպիրանտուրայի համար՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակներում) առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոս ցուցանիշ ունենալու և դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում՝
տվյալ մասնագիտության գծով «Վեբ օֆ նոլիջ (Web of Knowledge)» կամ «Սկոպուս (Scopus)» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում առնվազն մեկ (հեղինակությամբ կամ համահեղինակությամբ)՝ հղման ենթակա, հրապարակված գիտական հոդված ունենալու, կամ
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հրապարակման տարվա ցանկում ընդգրկված ամսագրերում տվյալ մասնագիտության գծով մագիստրատուրայում սովորելու համար առնվազն երկու, իսկ ասպիրանտուրայում սովորելու համար առնվազն երեք (հեղինակությամբ կամ համահեղինակությամբ)՝ հղման ենթակա, հրապարակված գիտական հոդվածներ ունենալու հանգամանքը:
Նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված)՝ ներառյալ տվյալ ուսումնական հաստատության նախապատրաստական ծրագրի մինչև մեկ տարի ժամկետով ուսումնառությունը (եթե նախապատրաստական ծրագիրը չի համարվում ինքնուրույն հանրակրթական կամ միջին մասնագիտական ծրագրի մաս), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու հանգամանքը:
Կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:
Սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո դադարեցված է համարվում
Արթուր Անդրանիկի Գրիգորյանին
Օհան Առաքելի Սեմիրջյանին,
Հարություն Գուրգենի Հակոբյանին, նախկինում տրված տարկետումները։
Ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1232-Ա որոշման հավելվածի N 1-ի 2-րդ կետի 3-րդ և 36-րդ ենթակետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1111-Ա որոշման հավելված N 1-ի 4-րդ կետի 1-ին ենթակետը:
![]()