Քրեական ոստիկաններն ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ կան ձերբակալվածներ

Նոյեմբերի 6-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Պառավաքար բնակավայրի 22-ամյա մի բնակիչ իր հորաքրոջը պատկանող չբնակեցված առանձնատանն ապօրինի զենք-զինամթերք է պահում։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ապօրինի զենք պահելու և կրելու վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով երիտասարդը Իջևան քաղաքի Մելիքբեկյան փողոցում ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն։

Հետագա օպերատիվ միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ երիտասարդի 50-ամյա հորեղբայրն առանձնատան նկուղից վերցրել է ապօրինի պահվող զենք-զինամթերքը և տեղափոխել այլ վայր։ Քրեական ոստիկանները Պառավաքար բնակավայրում հայտնաբերել և ձերբակալել են նաև հորեղբորը։

Վերջինս հայտնել է, որ առանձնատան նկուղից վերցրել է ապօրինի պահվող զենք-զինամթերքն ու թաքցրել Պառավաքարի վարչական տարածքում գտնվող խաղողի այգիներին հարակից առվակում։

Նշված վայրում հայտնաբերվել են ինքնաձիգ՝ փամփուշտներով լիցքավորված պահեստատուփով, որսորդական հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և սվին-դանակներ։

Երկու տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

Հանգամանքները պարզվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ