![]()
Մայիսի 29-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Առաջնորդության զարգացման 2025-2026 թվականների դասընթացի ավարտական միջոցառմանը, հայտնում են ՆԳ նախարարությունից:
Արփինե Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին և նրանց հետ բովանդակային քննարկումների հնարավորության համար շնորհակալություն հայտնել Առաջնորդության դպրոցին։
Նախարար Սարգսյանը նշել է, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Առաջնորդության դպրոցի սաների հետ հանդիպման ընթացքում բազմաթիվ կարևոր թեմաներ են քննարկվել` առաջնորդության, պատասխանատվության, որոշումների ընդունման, հաջողությունների և ձախողումների մասին։
Նախարար Սարգսյանը նշել է, որ երիտասարդների հետ բովանդակային քննարկումներ են ծավալվել նաև Ներքին գործերի նախարարության գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ. անդրադարձ է կատարվել մարտահրավերներին ու նվաճումներին, հանրային ծառայության կարևորությանը և մի շարք այլ թեմաների։
Դիմելով շրջանավարտներին` նախարարը նշել է, որ շատերը առաջնորդությունը պատկերացնում են որպես պաշտոն կամ իշխանություն, սակայն այն սկսվում է ավելի վաղ, քան պաշտոնը կամ առաջին մեծ պատասխանատվությունը:
Նախարար Սարգսյանի դիտարկմամբ` ներկայումս ամենամեծ մարտահրավերներից մեկն այն է, որ աշխարհն անընդհատ փոխվում է. փոխվում են տեխնոլոգիաները, անվտանգային միջավայրը, մարդկանց սպասումները պետությունից, պետական կառույցներից և հասարակությունից:
Նրա խոսքով` փոփոխությունների պայմաններում առավել մրցունակ են դառնում ոչ թե նրանք, ովքեր կարծում են, թե ամեն ինչ գիտեն, այլ նրանք, ովքեր պատրաստ են շարունակաբար սովորել, վերաիմաստավորել սեփական պատկերացումները և զարգանալ։
Նախարարի խոսքով՝ Առաջնորդության դպրոցի ավարտը նոր շրջափուլի սկիզբ է, քանի որ յուրաքանչյուր շրջանավարտ վերադառնալու է իր ուսմանը, աշխատանքին, համայնքին կամ սեփական նախաձեռնություններին. այստեղ է սկսվելու ամենակարևոր փորձությունը՝ կարողանալ գործնականում կիրառել այն, ինչ սովորել են նրանք:
Արփինե Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարիք ունի կրթված, պատասխանատու և մտածող երիտասարդների, ովքեր չեն վախենում պատասխանատվությունից, չեն խուսափում դժվարություններից և պատրաստ են աշխատել ոչ միայն սեփական հաջողության, այլև հանրային բարօրության համար։
Նախարար Սարգսյանը նշել է, որ շրջանավարտներից շատերը դեռ ամբողջությամբ չեն պատկերացնում, թե առաջիկա տարիներին ինչ ազդեցություն կարող են ունենալ տարբեր ոլորտներում, ապա հավաստիացրել, որ մեծ փոփոխությունները հաճախ սկսվում են մեկ մարդու որոշումից՝ լինել ավելի նախաձեռնող, ավելի համարձակ և ավելի պատասխանատու։
Արփինե Սարգսյանը խորհուրդ է տվել չվախենալ սխալվելուց, քանի որ մարդիկ սովորում են ոչ միայն հաղթանակներից, այլև պարտություններից ու դժվարություններից և երբեմն ամենաբարդ փորձություններն են ձևավորում այն առաջնորդներին, որոնց հետագայում հետևում ենք։
Նախարար Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ շրջանավարտներից յուրաքանչյուրին փայլուն ապագա է սպասվում և այդ համոզմունքը պայմանավորված է նրանով, որ նրանք ընտրել են շարունակաբար սովորելու և զարգանալու ճանապարհը։
Առաջնորդությամբ հետաքրքրվելը, նոր գաղափարների նկատմամբ բաց լինելը, վերլուծական և խորքային մտածողությունը այն հատկանիշներն են, որոնք ըստ նախարարի՝ բնորոշ են այն մարդկանց, ովքեր հետևողական աշխատանքի, աշխատասիրության և հաստատակամության շնորհիվ հասնում են իրենց նպատակներին ու իրականություն դարձնում իրենց երազանքները։
Նախարար Սարգսյանը շեշտել է, որ երբեք չպետք է թերագնահատել այն ազդեցությունը, որը կարող է ունենալ նվիրված, սկզբունքային և պատասխանատու մարդը։
Նախարարի խոսքով` մեծ փոփոխությունները միշտ սկսվում են այն մարդկանցից, որոնք չեն սպասում իդեալական պայմանների, այլ համարձակվում են առաջին քայլն անել:
Շրջանավարտներին շնորհավորել և հաջողություններ են մաղթել նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև Առաջնորդության զարգացման 2025-2026 թվականների դասընթացին ակտիվ ներգրավվածություն ունեցած հանրային այլ գործիչներ։
Ավարտին Առաջնորդության դպրոցի շրջանավարտներին տրվել են հավաստագրեր։
![]()