Թուրքիայի դրոշն այրելը կեղծ հայրենասիրության դրսևորում է, ժամանակավրեպ է, չի բխում մեր պետության շահերից

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է դաշնակացականների կողմից Թուրքիայի դրոշը վառելու հերթական քայլին։

«Սիրե՜լի քաղաքացիներ,

Այսօր կրկին ականատես եղանք տարիներ շարունակ կրկնվող նույն բեմականացված գործողությանը՝ Թուրքիայի դրոշի այրմանը։ Սակայն հարց է առաջանում, բացի կեղծ ինքնահաստատումից և մակերեսային հոգեկան «բավարարվածությունից», ի՞նչ արդյունք է տվել այս ամենը։

Տարիներ շարունակ իրականացված նույն գործողությունը ի՞նչ է փոխել, ի՞նչ ձեռքբերում ենք արձանագրել, ի՞նչ իրական օգուտ է ստացել մեր պետությունը։ Պատասխանը, ցավոք, ակնհայտ է՝ ոչինչ։

Դրոշ այրելով ստեղծվում է պատրանք, թե դրանով վնաս է հասցվում թշնամուն, թե այդ կերպ կարելի է նրան «պատժել» կամ «հաղթել»։ Սակայն իրականում դա ոչ թե պայքար է, այլ անզորության և թուլության արտահայտություն։

Սա կեղծ հայրենասիրության դրսևորում է, որը որևէ կապ չունի իրական, արդյունավետ պետական մտածողության հետ։

Պարոնայք, ժամանակն է վերանայելու այս գործելակերպը։ Այն ժամանակավրեպ է և չի բխում մեր պետության երկարաժամկետ շահերից»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ