Վերջացած մարդը չգիտեմ, բայց Կարապետյանցը դեռ քաղաքական գործիչ չդարձած արդեն վերջացած իրավապաշտպան է․ Եղոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում սքրինշոթ է հրապարակել և գրել․

«Ծանոթացեք, անվանի իրավապաշտպան, քրիստոնեական արժեքների ջահակիր պաշտպան Նինա Կարապետյանցն է։ Իրեն թույլ է տալիս մեկ այլ մարդու անվանել «վերջացած մարդ»։

Գիտեք, նախընտրական էս թոհուբոհի մեջ ուշադրություն էլ չէի դարձնի էս արտահայտությանը, եթե դա անողը չլիներ մեզ մարդու իրավունքների դասեր տվող մեկը։ Իրապես իրավապաշտպանի, իրապես մարդու իրավունքներով երկար տարիներ զբաղված մարդու բառապաշարում անգամ, նրա լեզվամտածողության մեջ անգամ այդ բառակապակցությունը չպիտի լիներ։

Հիմա փորձում եմ վերհիշել ու չեմ մտաբերում, թե երբևէ որևէ մեկի մասին անգամ մտածե՞լ եմ, թե նա վերջացած մարդ է։ Ունե՞մ ես կամ որևէ մեկը այլ մարդու մասին նման վճիռ կայացնելու իրավունք։ Նույնիսկ ամենածանր հանցագործներին, նույնիսկ մահապատժի դատապարտվածին մարդու իրավունքների ժամանակակից ստանդարտն ու քրիստոնեական արժեհամակարգը թույլ չի տալիս համարել վերջացած մարդ, որովհետև նույնիսկ մարդու հիմնարար իրավունքից` կյանքի իրավունքից, օրենքով սահմանված կարգով զրկվողը շարունակում է մնալ մարդ, որովհետև որևէ մեկը իրավունք չունի ապամարդկայնացնել որևէ այլ մարդու։

Մարդկանց որևէ խմբի ապամարդկայնացման փորձը ֆաշիզմի առաջին նշաններից է ու դա իրավապաշտպանը պիտի որ ամենալավն իմանար։

Վերջացած մարդը չգիտեմ, բայց այ տիկին Կարապետյանցը դեռ քաղաքական գործիչ չդարձած արդեն իսկ վերջացած իրավապաշտպան է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ