![]()
Սեպտեմբերի 1-ից Եվրոական Միության երկրները արգելել են TPO բաղադրիչ պարունակող եղունգների լաքերի վաճառքը կամ օգտագործումը: TPO-ն ֆոտոինիցիատոր է, որն արձագանքում է ուլտրամանուշակագույն կամ LED լույսին՝ փափուկ, չպնդացած գելը վերածելով կարծր, փայլուն մակերեսի: Համաձայն հետազոտության այն քաղցկեղածին է, մուտագեն ազդում է էնդոկրին՝ հորմոնալ համակարգի վրա, նաև վերարտադրողականության վրա: Մեծ Բրիտանիան նույնպես շուտով կհետևի օրինակին:
Այս արգելքները Հայաստան դեռ չեն հասել: Լուծիչներից, լցոնիչներից, հավելումներից, ֆոտոինիցիատորներից, օլիգոմերներից, մոնոմերներից, գունային պիգմենտներից կազմված գել-լաքերի փոքրիկ սրվակները փրկություն են շատ աղջիկների համար:
Սակայն zarkerak.am-ի հետ զրույցում բժիշկ- պոդոլոգ Գայանե Պետրոսյանն ահազանգում է, որ գել-լաքի մշտական կիրառումը, որոշ ռիսկերի վրա աչք փակելն իրապես վտանգավոր է:

Ըստ բժշկի, շատ աղջիկներ հաջողություն են համարում, որ կարողանում եմ օրինակ մեկ ամիս պահպանել գել-լաքը, մինչդեռ սա վտանգավոր մոտեցում է.«Գել-լաքի վնասակար հատկությունները կարող են դրսևորովել, եթե այն երկար է մնում եղունգների վրա, սա առաջ է բերում եղունգների թուլացում, հենց դա է պատճառը, որ գել-լաքը հեռացնելուց հետո եղունգը դառնում է բարակ և փխրուն»:
Մասնագետի խոսքով՝ գել-լաքի մշտական օգտագործումը, հաշվի առնելով դրանում առկա քիմիական նյութերը, կարող լինել քաղցկեղի զարգացման գործոն, հատկապես այն դեպքերում, երբ անձը գենետիկորեն տրամադրված է: Ընդ որում, այստեղ խոսքը ոչ միայն TPO բաղադրիչի մասին է, այլ ուլտրամանուշակագույն լույսի.«Դրա երկարաժամկետ օգտագործումը կարող է բերել նաև մաշկային խնդիրների, որոնք մեզ համար դեռ լիարժեք բացահայտված էլ չեն, այդ թվում՝ մաշկի ծերացման: Ռիսկերը կախված են մասնավորապես գել-լաք անելու պարբերականությունից, 14 կամ 21 օր պարբերականությամբ այս գործընթացը մշտապես կրկնելն իհարկե ունի ռիսկեր»:

Գայանե Պետրոսյանը նշեց նաև, թեև մատնահարդարները նշում են, որ եղունգը հանգստանալու կարիք չունի և կարելի է առանց ընդմիջումների անել գել-լաք, այդքան էլ ճիշտ չէ.«Գտնում եմ, որ եղունգները կարիք ունեն հանգստանալու, թեև եղունգը մեռած, կերատինացված շերտ է, ամեն դեպքում կարիքը կա, որ դրանք հանգստանան մշտական քիմիական նյութերից, ուլտրամանուշակագույն լույսից, մեխանիկական հնարավոր վնասումից»:
«Ժամանակ առ ժամանակ ինձ են դիմում նաև ենթաեղունգային այրվածքներով, որը գել-լաքը ոչ ճիշտ հեռացնելու հետևանք է, սկզբում եղունգը հնարավորինս բարակացնում են, հետո դրա վրա նորից քիմիական նյութեր տարածում ու այդպես շարունակ: Եղունգն ունի մի քանի շերտ՝ կախված եղունգի բարակությունից և մասնագետի՝ դրա հետ աշխատելու ձևից, կարող են վնասվել ոչ միայն արտաքին շերտերը, այլ ավելի խորը շերտերը»,- նշեց մասնագետը:
Պոդոլոգը հորդորրեց ոչ մի դեպքում չանտեսել փաստը, երբ եղունգը լամպի մեջ դնելիս զգացվում է տհաճ այրոցի զգացում, քանի որ դա կարող է լինել ազդանշան, որ եղունգն ունի խնդիր, գերզգայուն է նյութի նկատմամբ կամ ալերգիկ ռեակցիա է առաջացել.«Հնարավոր է առաջանա քոր, կարմրություն, եղունգների շուրջ ցան, ընդ որում ալերգիան կարող է կրել քրոնիկ բնույթ, սա նշանակում է, որ պետք է հրաժարավել գել-լաքից»:

Նաև ուշադրություն հրավիրեց ոտնահարդարաման դեպքում հանդիպող խնդիրներին.«Հաստ գել-լաքի շերտը փակ կոշիկի մեջ կարող է հանգեցնել եղունգների ներաճման, որի հետևանքն են տրավմաները, եղունգները ձևափոխումը: Վնասակար հատկություններից է այն, որ կարող են առաջանալ սնկային վարակներ, եթե գել-լաքը երկար է մնում եղունգի վրա և եղունգը փակ կոշիկի մեջ է, խոնավություն,տաք միջավայրի պայմաններում կարող է կարող է զարագանալ սունկը»:
Պետրոսյանը նկատեց, որ երբեմն թե հաճախորդը, թե մասնագետը անտեսում են խնդիրները.«Շատ են հանդիպում դեպքեր, երբ հաշվի չեն առնում սնկային խնդիրները եղունգի ներաճումը, փոխված ու ոչ առողջ գույնը, հաստացած լինելը, բայց սրանք ազդանշաններ են, որ այդ եղունգն ունի բուժման կարիք, ոչ թե արտաքին ձևով խնդիրները քողարկելու»:
Բժիշկ-պոդոլոգը նաև նշեց, որ վարակ անցկացնելու դեպքեր ևս հաճախ են հանդիպում.«Ինֆեկցիան դրսևորվում է թարախակալմամբ, այտուցմամբ, բորբոքային պրոցեսով, հիմնական պատճառը ոչ պատշաճ ախտահանված գործիքներն են»:
![]()