Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Մեդիահաբ» լրատվականին

Դատարանը բավարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Մեդիահաբ» ՍՊԸ-ի և լրագրող Վահե Մակարյանի։

Դատական վճռով «Մեդիահաբ» ՍՊԸ-ն պարտավորվել է հերքել 2025 թվականի հունվարի 29-ին Mediahub.am կայքում հրապարակված «Ռուսների պատճառով Փաշինյանը «շան լափ է թափել» Ալեն Սիմոնյանի գլխին․ զայրացել է նաև Գուրգեն Արսենյանը» վերնագրով նյութում տեղ գտած տեղեկությունները, որոնք դատարանը զրպարտություն է համարել։

Մասնավորապես դատարանի վճռով լրատվամիջոցը պետք է Mediahub.am կայքում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, հրապարակի հայտարարություն այն մասին, որ հոդվածում տեղ գտած մի շարք տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը և զրպարտել են Ալեն Սիմոնյանին։

Խոսքը մասնավորապես այն պնդումների մասին է, թե ՔՊ վարչության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Ալեն Սիմոնյանին կոշտ կերպով նախատել է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման համար, ինչպես նաև այն տեղեկությունների, թե Սիմոնյանի պահվածքից դժգոհել և նրան նախատել է նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։

Դատարանը նաև «Մեդիահաբ» ՍՊԸ-ից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել է 400 հազար դրամ՝ որպես նրա պատվին և արժանապատվությանը զրպարտության միջոցով պատճառված վնասի դրամական փոխհատուցում։

Բացի այդ՝ «Մեդիահաբ»-ից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձվել է 32 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ