Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով

Երևանում սեպտեմբերի 3-4-ը տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով:

Այն կազմակերպում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (ՀԱԳՄ) ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

Համաժողովի մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։ Նշվել է, որ համաժողովի նպատակն է մեկ հարթակում համախմբել Հայաստանի և Թուրքիայի գործարար ու պետական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղղություններ և ձևաչափեր, ինչպես նաև խթանելու նոր գործարար կապերի ու գործընկերությունների ձևավորումը։

Միջոցառման ընթացքում նախատեսվում են քննարկումներ և հանդիպումներ՝ երկկողմ տնտեսական համագործակցության ներուժի, գործարար կապերի զարգացման և միջսահմանային փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ։

Մասնավորապես ներկայացվելու են Հայաստան-Թուրքիա տրանսպորտային հաղորդակցությունների հնարավորությունների ու առկա խոչընդոտների մասին հետազոտության արդյունքները, անցկացվելու է հայ-թուրքական տնտեսական համագործակցության հաջորդ քայլերի թեմայով պանելային քննարկում, իսկ երկու երկրների գործարարների երկկողմ ձևաչափով (B2) հանդիպումներին նախատեսվում են շփումներ ՏՏ և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչների միջև:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ նախորդ համաժողովը տեղի էր ունեցել հունիսի 2-ին Կարսում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ