![]()
«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում սպասվող այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ և երկկողմ հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ շատ կարևոր են պատմական ներկայիս շրջափուլում՝ հաշվի առնելով այն օրակարգը, որն ունի Հայաստանը և դրա սպասարկման հրատապությունը:
Ըստ նրա՝ սա կարելի է համարել դիվանագիտական նվաճում:
Վերջինս համոզված է, որ այս հանդիպումից հետո որևէ մեկը առանց թղթի դուրս չի գալու, և դրա բովանդակությունը հայ-ամերիկյան խարտիայի դրույթներից դուրս չի լինելու. «Քաղաքական պարտավորություններ են պարունակելու առաջին դեմքերի կողմից»:
Միաժամանակ Մեհրաբյանը նկատում է՝ Ալիևը համառորեն պնդում էր, թե ՀՀ-ի հետ բանակցություններում չկա երրորդ կողմ, իսկ հիմա ըստ կուսակցության փոխնախագահի՝ նա իր ոտքը դնում է սեփական կոկորդին, որովհետև երկկողմը վերածվում է եռակողմի. «Բաքվի ռադիոյի համերգը պրծավ»:
Ի՞նչ տարբերություն ռուսական և ամերիկյան միջնորդությունների միջև. Մեհրաբյանն ասում է՝ ռուսական միջնորդությունը մի միջնորդություն էր, որը այնպես էր անում, որ ոչ մի պայմանավորվածություն չլինի, ինքն ունենա ձեռքերին ազատություն, որ ինչ ուզենա անի, ԱՄՆ-ն ուզում է, որ լինի տևական խաղաղություն, և բոլորը խաղան օրենքներով, և պարզ է, թե ինչ է լինելու, երբ մեկը ոտքը դուրս դնի այդ օրենքներից:
Արդյոք ՌԴ-ն հեշտ հետ կկանգնի՞. քաղաքական գործիչը նկատում է. «Ֆանտոմային ցավերը կարող է շոկի հասցնեն, բայց ասեմ՝ «терпи, моя красавица»։
Ըստ նրա՝ ռուսական խուժանությանը պետք է վերջ տրվի ՀՀ-ում. «Այս ամենը նշանավորում է մի բան՝ անփառունակ հետխորհրդային ժամանակաշրջանն ավարտվել է, եկել է հետռուսական դարաշրջանը: Այս հանդիպումը խորհրդանշում է դա»:
Ինչ վերաբերում է իշխանության ընդդիմախոսների քննադատություններին, թե «միջանցք» է հանձնվում, Մեհրաբյանն ասում է. «Ռոբերտ Քոչարյանի տան գլոբուսը միայն հյուսիս է ցույց տալիս, դրա համար այս հանդիպման մեջ խնդիր են տեսնում»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում
![]()