![]()
«Ամեն ինչ թոքաբորբերի մասին» գիտաժողովը մեկ հարկի տակ էր համախմբել հանրապետության առաջատար բժիշկ-մասնագետներին, ովքեր հանդես են եկել մասնագիտական զեկույցներով՝ անդրադառնալով թոքաբորբերի ախտորոշման և բուժման արդի մեթոդներին, կլինիկական պրակտիկայում առկա մարտահրավերներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը բացման խոսքում կարևորել է թոքաբորբերի կանխարգելմանն ու վաղ ախտորոշմանն ուղղված քայլերը, ինչը պայմանավորված է նաև Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ, երբ բուժառուն այլևս չի խուսափում ժամանակին դիմել բուժօգնության:
Նա ընդգծել է, որ նաև պետք է ուշադրություն դարձնել հակաբիոտիկների պատշաճ կիրառմանը, քանի որ դրանց ոչ նպատակային և գերօգտագործումը կարող է հանգեցնել դեղակայունության: Եվ խնդրի կարգավորման նպատակով ներդրվել են էլեկտրոնային դեղատոմսերն ու հիվանդությունների վարման գործելակարգերը՝ նոր ռիսկերը կանխելու համար:
Լենա Նանուշյանը նշել է, որ մեր երկրում հիվանդության վարման և բուժման արդյունավետությունը դրական միտումներ ունի։ Իսկ ընդլայնելով ապահովագրության շահառուների շրջանակը՝ հնարավոր կլինի ավելի մեծ ծածկույթ ու հասանելիություն ապահովել:
«Կլինիկական վարակաբանների միության և ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համատեղ կազմակերպած գիտաժողովը հնարավորություն էր համադրելու մասնագիտական փորձը, համակողմանի քննարկելու ոլորտի արդի խնդիրները, պացիենտների բուժօգնության բարելավման ուղիները՝ նպաստելով տարբեր մասնագիտությունների բժիշկների միջև համագործակցության ամրապնդմանը»,- նշում են նախարարությունից։
![]()