Հնագետները 5000 տարվա ութ հաց են հայտնաբերել, որոնք հրաշքով փրկվել են հրդեհից

Արևմտյան Թուրքիայում հնագետները պեղումների ժամանակ հայտնաբերել են վաղ բրոնզի դարաշրջանում թխված ութ հաց։ Դրանք շուրջ 5000 տարեկան են և պահպանվել են մինչև մեր օրերը՝ անսովոր հանգամանքների շնորհիվ, գրում է Arkeonews-ը։

Հացերը հայտնաբերվել են Թուրքիայի Քյութահիա նահանգի Սեյիթյոմեր բլրի վրա։ Նույն սենյակում գտնվել են նաև ցորենի և ոսպի մնացորդներ։

Այնտեղ պեղումներն իրականացնում է Քյութահիայի թանգարանի վարչությունը։ Ըստ առկա տվյալների՝ 2025 թվականին հնագետները սենյակներից մեկում հայտնաբերել են վառարան և պատի երկայնքով տեղադրված դարակի մնացորդներ։ Հենց դարակի ոտքերի միջև էլ գտնվել են ածխացած հացի ութ կտորները, ինչպես նաև հացահատիկի և լոբազգիների մնացորդները։

Պեղումների ղեկավար, Քյութահիայի թանգարանի տնօրեն Սևգի Գյուրդալի խոսքով՝ հրդեհից առաջ դարակում հաց և գյուղատնտեսական այլ մթերքներ էին պահվում։ Հրդեհի ժամանակ դարակը փլուզվել է, և մթերքները թափվել են շուրջբոլորը։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, հենց հրդեհն էլ փրկել է հացը։ Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ մթերքներն ածխացել են, ինչի շնորհիվ ամբողջությամբ չեն փտել։ Այսպիսով՝ հնագույն մառանի պարունակությունը հազարավոր տարիներ մնացել է հողի տակ և ի վերջո հայտնվել հնագետների ձեռքում։

Այն հանգամանքը, որ ցորենն ու ոսպը գտնվել են հացի կողքին, վկայում է, որ այդ տարածքում ոչ միայն սնունդ են պատրաստել, այլև պաշարներ պահել։ Միևնույն ժամանակ, լաբորատոր հետազոտությունների արդյունքները դեռ չեն հրապարակվել, ուստի հայտնի չէ, թե ինչպես են պատրաստել այդ հացը, ինչ ձև է այն ունեցել և ինչ բաղադրիչներից է պատրաստվել։

Սեյիթյոմեր բլուրը գտնվում է Քյութահիայի կենտրոնից շուրջ 25 կմ հյուսիս-արևմուտք: Բնակավայրը հիմնադրվել է դեռևս մ.թ.ա. III հազարամյակում։ Հնագետներն այնտեղ հայտնաբերել են վաղ և միջին բրոնզի դարաշրջանների, ինչպես նաև Աքեմենյան, հելլենիստական և հռոմեական ժամանակաշրջանների մշակութային շերտեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ