![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, դիտելով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը, տպավորություն է ստացել, որ նա Հիքմեթ Հաջիևից ավելի ադրբեջանցի է:
Պատգամավորի կարծիքով՝ Քոչարյանն ուզում է ցույց տալ, թե կա, Էգեյան ծովից եկել է:
Անդրադառնալով ՀՀ-ում կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանին և նրա հայտարարությանը, թե նոր ուժ է ստեղծում, որը նախկինների հետ կապ չունի՝ Հակոբյանը նկատում է՝ թոզ են փչում, թե միասին չեն. հարմար պահին միավորվելու են. «Այս մարդիկ տարբեր դրվագներով հանցակիցներ են»:
Միաժամանակ իշխող ուժի անդամը նշում է, որ Կտրիճ Ներսիսյանը (Գարեգին Բ) վաղուց առաջնորդվում է Ռոբերտ Քոչարյանի խորհուրդներով:
Նա ևս մեկ անգամ հերքում է, թե իշխանությունը Եկեղեցու դեմ արշավ է իրականացնում: Վերջինս ասում է՝ ոչ մի իշխանություն այնքան ներդրում չի ունեցել Եկեղեցու զարգացման գործում, որքան գործող իշխանությունը:
Անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, թե իշխանությունը պատրաստվում է Սյունիքով միջանցք տրամադրել՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը հերթական անգամ շեշտում է՝ ճանապարհները պետք է գործեն երկրների իրավազորության ներքո. «Ոչ մի կետում ՀՀ-ն չի ասել, որ իր համար ընդունելի է իր իրավազորությունից դուրս ճանապարհի տրամադրումը: Ինչքան ուզում ես սա ասա, ընդդիմությունը նորից կրկնում է, թե միջանցք են տալիս, միջանցք են տալիս, որ հարմար պահի էլ ասեն՝ ժողովո՛ւրդ, աստղիկները, դյուրավառ հեղուկները վերցրեք դուրս եկեք»:
Մեկնաբանելով այն քննադատությունները, թե համաշխարհային մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար տրամադրված գումարը արդարացված չէ՝ Հակոբյանը նկատում է. «Միշտ կարելի է ասել, որ գումարը պետք է տալ քաղցած մանուկներին, անտուններին, բայց մի անգամ չի եղել, որ ընդդիմադիր պատգամավորները իրենց աշխատավարձը փոխանցեն նման մարդկանց: Դրական բաներից վատ են զգում այս մարդիկ, ուզում են՝ լինի ագրեսիա, սպանություն, որ դուրս գան ասեն՝ ժողովո՛ւրդ, տեսեք՝ սրանք ինչ են անում: Երբ սահմանին իրավիճակը լարվում էր, սրանց աչքերը պսպղում էին»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()