![]()
Ի պատասխան կալանավորված անձ Լիանա Հարությունյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից
հայտնել են, որ պնդումներն այն մասին, թե «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված խցում տաք ջուր չի եղել, չեն համապատասխանում իրականությանը։ Խցում եղել է տաք ջուր նաև գիշերային ժամերին, ինչը հաստատել են կողքի խցերում երեխաների հետ բնակվող մայրերը։
«Իրականության հետ աղերս չունեն նաև սննդի մասին պնդումները։ Լիանա Հարությունյանին հատկացվել է երեխաների համար նախատեսված, պատշաճ որակի սնունդ՝ կարտոֆիլի խյուս, բանջարեղեն և կաթի փոշի։
Ինչ վերաբերում է խցի՝ իբր ոչ բարվոք պայմաններին, ապա տեղեկացնում ենք, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված բոլոր խցերը կապիտալ վերանորոգված են, ապահովված 24-ժամյա տաք և սառը ջրով և կահավորված նաև մանկական մահճակալներով։
Ուստի հորդորում ենք տիկին Փոստանջյանին զերծ մնալ իրականությունը խեղաթյուրող և այդպիսով հասարակության լայն շրջանակներում բացասական հուզական ֆոն ձևավորող տեղեկություններ տարածելուց։
Հավելենք, որ այս պահին երեխան հետազոտություն է անցնում քաղաքացիական բուժհաստատությունում»։
Զարուհի Փաստանջյանը սոցցանցի իր էջում գրառմամբ տեղեկացրել էր, որ երեխան ու մայրը գտնվում են սանիտար-հիգիենիկ նվազագույն պայմաններ չունեցող խցում:
«Զրկված լինելով երեխայի սանիտարական-հիգիենիկ նվազագույն պայմաններն ապահովումից, մայրը չի կարող ոչ միայն կրծքով կերակրել, այլև ճաշ պատրաստել երեխայի համար, որովհետև խցերում չկան էլեկտրական տաքացուց սարքեր՝ դրանք համարվում են արգելված իրեր և, եթե անգամ, բերվում են հարազատների կողմից, ապա երեկոյան հանձնվում են բանտի հերթափոխին: Նշանակում է՝ գիշերը, եթե երեխան ուտել ուզենա, մայրը չի կարողանա տաքացնել ուտելիքը:
Խցերում չկա զուգարանակոնք, այլ՝ կքանիստի հարմարեցված «թուրքական» կոչվող զուգարան:
Այդ ամենին գումարվում է բանտախցի մաքրության ապահովումը. խուցը պետք է ավլի, մաքրի, հատակը լվանա խցում ապրողը»,- գրառման մի հատվածում վստահեցրել է Փոստանջյանը:
![]()